Նախատոնական ներկայացումներ և նվերներ՝ մանուկների համար

29.12.2020

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում տոնական ներկայացումների է հրավիրել Արցախից եկած, սոցիալապես անապահով, ինչպես նաև խնամատար ընտանիքների ու ցերեկային խնամքի կենտրոնների մանուկներին: 

Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ ընդհանուր 5000 տոմս է ձեռք բերվել ու բաժանվել:
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված`փոխվեցին մեր ծրագրերը, և որոշեցինք մի փոքր գունավորել Արցախից եկած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների առօրյան: Հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում թիրախային խմբերի երեխաներին նաև այլ միջոցառումների տոմսեր ու նվերներ են բաժանվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ, օրինակ, շուրջ 700 երեխայի համար անակնկալ է պատրաստել, որն ուղղել ենք ամենակարիքավորներին»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանն ու հավելել, որ նախատոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով:
Փոքրիկ նվերներ են ստացել նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների ու նախակրթարանների սաները: Տարեվերջյան տոնական միջոցառումների ժամանակ 20643 երեխայի հանձնվել է քաղցրավենիքի փաթեթ:

 

 

Տեսանյութ

Նախատոնական ներկայացումներ և նվերներ՝ մանուկների համար
Տեսնել ավելին