Ներկայացվել են «Կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը Երևանի բնակիչների կողմից» հետազոտության արդյունքները

01.08.2018

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում «Կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը Երևանի բնակիչների կողմից» տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներն է ներկայացվել և քննարկվել «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ: Աշխատաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, բնապահպաններ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Երևանում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նպատակ ունենալով խթանելու «կանաչ տնտեսական աճ»-ը և նպաստելու բնակիչների կյանքի որակի բարելավմանը՝ Երևանը իր միջոցներով, ինչպես նաև միջազգային կազմակերպություների և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ, սկսած 2012թ.-ից, հաջողությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր քաղաքային և հանրային տարածքների լուսավորության, հանրային և բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման, ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստել են արտանետումների կրճատմանը և էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետը նշել է նաև, որ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացված հետազոտության հիմնական նպատակն է հանդիսացել Երևան քաղաքի բնակչության կողմից էներգիայի սպառման, շենքերի կառավարման հիմնախնդիրների և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, որոնք հիմք կծառայեն էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականության և ներդրումային առաջարկությունների մշակման համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին