Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

05.03.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ձևավորման ու զարգացման ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով մարզերի հետ փոխգործակցության հարցում Երևանի քաղաքապետի դիրքորոշումը՝ Արմեն Ուլիխանյանն առանձնացրել է վարչական շրջանի և Գեղարքունիքի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համոզմունք հայտնել, որ այն իսկապես արդյունավետ կլինի երկու կողմերի համար էլ: Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին մարզի զարգացման տեսանկյունից կարևորել է Երևանի ու վարչական շրջանների հետ համագործակցությունը և բարձր գնահատել այս հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը: 

Հանդիպման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվ համագործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, տուրիզմի, սոցիալական ապահովության և առողջապահության բնագավառներում: Կողմերը նաև վստահեցրել են, որ հուշագիրը ամուր կամուրջ կլինի արդյունավետ փոխգործակցություն ծավալելու և համատեղ տարբեր ծրագրեր իրագործելու համար:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վաղաշեն համայնքում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը քննարկել են մարզի հետ համագործակցության շրջանակում Նոր Նորքում գյուղատնտեսական շուկա հիմնելու հետ կապված հարցեր` գնահատելով այն որպես տնտեսական զարգացման կարևոր քայլ:

Ի նշան հիմք դրվող բարեկամության՝ Վաղաշենի նորակառույց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակն այսուհետ կահավորված կլինի վարչական շրջանի կողմից նվեր ստացած նոր նստարաններով ու աղբամաններով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին