Նոր ծրագրի շնորհանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

18.04.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին: Ծրագրի հեղինակների մտահղացմամբ յուրօրինակ էքսկուրսիայի միջոցով ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված մի շարք ծեսեր, այդ թվում նաև նախահարսանեկան ծեսի արարողությունը: Այդ համատեքստում երկխոսության միջոցով ներկայացվում են նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները, որոնք Երևան քաղաքի պատմության թանգարանի հարուստ հավաքածուի մի մասն են կազմում: Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Հաշվի առնելով, որ ծրագիրն այցելուներին մատուցվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով, կազմակերպիչները վստահ են, որ այն իր հերթին կնպաստի Երևան քաղաքի պատմության թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը:
«Ներկայացվող ծրագրի նպատակը թատերականացված ներկայացումը չէ, ինչն արդեն կիրառվել է մի շարք թանգարաններում, այլ յուրօրինակ էքսկուրսիան, որն անցկացնում է ոչ թե թանգարանի էքսկուրսավարը, այլ համապատասխան կերպարը՝ երկխոսության միջոցով այցելուին հաղորդելով համապատասխան տեղեկատվություն՝ ցուցադրված թանգարանային առարկաների մասին: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, թե ինչպես է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով այցելուին մատուցվում նյութական մշակութային ժառանգությունը», - նշել է Արմինե Սարգսյանը:
Հարկ է նշել, որ նոր ծրագիրը գործելու է երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ ժ.12:00-16:00-ն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին