Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ

07.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը մասնակցել է Նուբարաշենի պոլիկլինիկայի մանկական խաղասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Նուբարաշենցիներին բժշկական ծառայություններ մատուցող առաջնային օղակի միակ հաստատությունը փոքրիկ այցելուների համար մինչ օրս խաղասենյակ չուներ: Խնդիրը սեփական միջոցներովը լուծել է վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը՝ ստուգայցերից մեկի ժամանակ համոզվելով դրա կարևորության մեջ: Պոլիկլինիկայի սենյակներից մեկը գունազարդվել և կահավորվել է մանկական գույքով: Արդեն կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհիվ այսուհետ ձանձրանալու առիթ չեն ունենա ոչ միայն բուժզննության կարիք ունեցող երեխաները, այլև պարզապես ծնողների ուղեկցությամբ բուժհաստատություն եկած երեխաները: 

 

«Մաղթում եմ, որ մեր բալիկները պոլիկլինիկաներ գան միայն պարբերաբար իրականացվող պարտադիր բուժզննության համար, իսկ գալու դեպքում էլ այս սենյակում տարվեն խաղերով ու անգամ մոռանան, թե ուր և ինչ նպատակով են եկել»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

 

Մանկական խաղասենյակի բացումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածքում, եղել մասնագիտական սենյակներում: Քաղաքապետի տեղակալին տնօրեն Գայանե Մարգարյանը պատմել է առաջիկա անելիքների մասին՝ բուժհաստատության արդիականացման և բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդլայնման տեսակետից: Սերգեյ Հարությունյանն առանձին խնդիրների լուծման առնչությամբ ներկայացրել է իր դիտարկումները:

 

«Որպես առաջնային օղակի բուժհաստատություն՝ չափազանց կարևորում եմ ձեր առաքելության պատշաճ կազմակերպումը, որպեսզի ճիշտ ախտորոշմամբ կանխարգելվի այս կամ այն հիվանդության տարածումն ու հիվանդանոցային բուժումը: Եթե պոլիկլինիկան ճիշտ աշխատի, մեր ապագա սերունդն էլ կլինի ավելի առողջ: Հուսով եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի»,- իր խոսքը եզրափակել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Տեսանյութ

Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ
Տեսնել ավելին