Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին

13.03.2019

Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժումը: Նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: 

«Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն կանաչապատումը, այլև հարակից ճարտարապետական ձևավորումը: Կանցկացվի բաց մրցույթ և կորոշվի այս տարածքի ճարտարապետական դիմագիծը: Նախատեսվում է թարմացնել օպերայի շենքի գեղարվեստական լուսավորությունը, լուծել շենքի տանիքի ալեհավաքների խնդիրը»,-նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Այստեղ եղել է կանաչապատ տարածք՝ սիզամարգերով և ծառերով: Ազատվող մակերեսները՝ շուրջ 1 հեկտար տարածքով, հաջորդաբար վերականգնվելու և կանաչապատվելու են»,-հավելել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:
Տնտեսվարողները, սակայն, համաձայն չեն քաղաքապետարանի որոշման հետ: Իրենց բողոքը սրճարանների աշխատակիցներն արտահայտեցին՝ խոչընդոտելով աշխատանքներին:
Այն, որ տարածքները պատկանում են համայնքին և յուրաքանչյուր պահի համայնքը կարող է հետ վերադարձնել դրանք՝ նախապես սահմանված ժամկետում այդ մասին տեղեկացնելով, ամրագրված է վարձակալության պայմանագրերում, ինչի մասին տնտեսվարողները տեղյակ էին: Ավելին` քաղաքապետարանը 2018թ. դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 3 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։
Վարձակալները, սակայն, ոչ միայն չեն շտապել մաքրել տարածքը, այլև նախապատրաստվել էին շահագործել բացօթյա սրճարանները՝ տեղադրելով համապատասխան գույք և անհրաժեշտ պարագաներ, ինչի թույլտվությունը նրանք չունեին:
«Տեղի բոլոր տնտեսվարողները, բացառությամբ մեկի, սրճարաններ ունեն այս և մայրաքաղաքի այլ հատվածններում ևս: Այն ընկերությանը, որը չուներ այս տարածքում այլ սրճարան, առաջարկելու ենք համարժեք այլ տարածք՝ հասկանալով նաև իրենց սոցիալական խնդիրը»,-նկատել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Տեղում առաջարկվեց ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցնել և խնդիրը քննարկել առանձին:
Քաղաքապետարանում ավելի ուշ կայացած հանդիպմանը մասնակից տնտեսվարողներն ու ավագանու անդամները հանդես եկան մի շարք առաջարկներով: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ամփոփելով հանդիպումը, տեղեկացրեց՝ առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետի հետ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Տեսանյութ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին