«Ոսկե Ծիրան» 19-րդ կինոփառատոնի գլխավոր գործընկերը Երևանի քաղաքապետարանն է

17.06.2022

Հուլիսի 10-17-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

«Ոսկե ծիրան»-ին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է փառատոնի կարևորությունն ու քաղաքային իշխանության գործուն մասնակցությունը:
««Ոսկե ծիրանն» առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի մշակութային կյանքում: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է հանդես գալիս որպես փառատոնի գլխավոր գործընկեր: Դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարության հետ ներդրեցինք մեր ջանքերը՝ մայրաքաղաքում և ոչ միայն մշակութային ծրագրերն աշխուժացնելու նպատակով»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:
«Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ հանդիպումներում պայմանավորվեցինք համադրել ու մեկտեղել մեր հնարավորությունները՝ մշակութային քաղաքականությունը Երևանում առավել վառ դարձնելու համար: Սա առաջին մեծ փոխգործակցությունն է, որը ձևավորելու է նոր հեռանկարներ»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Հուսով եմ՝ քաղաքապետարանի հետ սկսած մեր նոր ձևաչափով գործակցությունը կլինի շարունակական: Սա իրականում մեծ և լուրջ աշխատանք է: Քաղաքապետարանի շնորհիվ նորոգվել են նաև Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված պատվո աստղերը»,-նշել է փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Փառատոնի ընթացքում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ: Կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը մանրամասնել է, որ «Ոսկե Ծիրանը» կունենա մրցութային երեք ծրագիր։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Հատուկ փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն աշխարհահռչակ արվեստագետներ: «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը կմեկնարկի և կփակվի հայ հեղինակների գործերով:

Լուսանկարներ