Փոսանորոգման համար կտրվածքներ անելու հաջորդ իսկ օրը փոսերը պետք է ասֆալտապատված լինեն

05.06.2019

Երևանյան փողոցների փոսերն իրական փորձություն են բնակիչների, հատկապես վարորդների համար:

Թաիրով փողոցը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Ավելի քան տասը տարի բնակիչները բազմաթիվ նամակներ են ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով ասֆալտապատել փողոցը: Հասցեն ընդգրկվեց շինբարեկարգման այս տարվա ծրագրում: Փոսանորոգումն այստեղ իրավիճակը փրկել չէր կարող: Փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվեց:
«Տարիներ շարունակ այս խնդրի լուծումն իսկական երազանք էր թվում»,-նշում են բնակիչները:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա իր ծրագրով նախատեսել է 120 հազար քմ ծավալով փոսանորոգում իրականացնել:
«Յուրաքանչյուր վարչական շրջանում ունենք 10 հազար քմ փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ: Բացի այդ, 600 հազար քմ նախատեսել ենք ասֆալտապատման աշխատանքներ: Առաջնային հասցեներից հետո կսկենք բակային տարածքների և մայթերի ասֆալտապատումը՝ շուրջ 156 հազար քմ ծավալով»,-նշում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Մայրաքաղաքի փողոցների փոսերի նորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սակայն դրանք ևս որոշակի անհարմարություններ են պատճառում բնակիչներին: Մասնավորապես փոսերի շուրջ կատարվում են կտրվածքներ, իսկ ասֆալտապատումն արվում է մի քանի օր հետո:
«Հետևողական ենք լինելու ժամանակացույցի պահպանմանը: Փոսանորոգման համար կտրվածքներ անելու հաջորդ իսկ օրը պետք է ասֆալտապատումն իրականացվի»,- ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:
Մեկ այլ խնդիր է նախազգուշացնող ցուցանակների բացակայությունը: Մեր նկարահանման ընթացքում զգուշացնող նշանների հանդիպեցինք, սակայն աշխատանքների և կազմակերպության մասին ցուցանակներն ընկերության ներկայացուցիչները խոստացան տեղադրել առաջիկա օրերին: Նաև նշեցին, որ շատ դեպքերում դրանք գիշերային ժամերին գողանում են:
Մայրաքաղաքում փոսանորոգումն իրականացնում են մրցույթը շահած 6 կազմակերպություն: Իսկ տեխնիկական հսկողության աշխատանքները շահած ընկերությունը հրաժարվում է ծառայությունենրի մատուցումից՝ իր իսկ ցածր գնային առաջարկի պատճառով: Առաջիկայում քաղաքապետարանը կհայտարարի նոր մրցույթ: Մինչ այդ, որպեսզի նորոգված փոսերը հաջորդ տարի կրկին նորոգելու անհրաժեշտություն չլինի և աշխատանքները կատարվեն որակով, տեղերում հսկողություն են իրականացնում քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուները:

Տեսանյութ

Փոսանորոգման համար կտրվածքներ անելու հաջորդ իսկ օրը փոսերը պետք է ասֆալտապատված լինեն