Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

22.05.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների և մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ծրագրերի ընթացքն ու կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ:

Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 23 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև մայրաքաղաքի զբոսանքի վայրերում, մասնավորապես Կասկադ համալիրի և Օպերայի հարակից տարածքներում մեքենաների կայանումն արգելելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված շուրջօրյա հսկողությունը՝ այդ թվում նաև քայլեր ձեռնարկելով Օղակաձև զբոսայգու, ինչպես նաև Հաղթանակ զբոսայգու ավտոկայանման համար չնախատեսված հատվածներում կայանումները բացառելու ուղղությամբ:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է հսկողություն սահմանել մասնավորապես բակային տարածքների և զբոսայգիների գույքի հետագա պատշաճ շահագործումն ապահովեու նպատակով:
Խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են:
Զեկուցվել է, որ տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում, ինչպես նաև հուշարձանների հարակից տարածքներում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Մայրաքաղաքի` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կենտրոնների ու տեսարժան վայրերի տարածքներում նույնպես շարունակվում են սանիտարական մաքրման, կանաչապատման, բարեկարգման, ձևավորման և պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ ապահովելով կանաչ տարածքների պատշաճ խնամքը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին