Շարունակվում են Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված քննարկումները

03.05.2018

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Արիաննա Արդեսիի, «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) ներկայացուցիչ Բակոնիրինա Ռակոտոմամոնջիի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և EVS-LAURE լաբորատորիայի հետազոտող Սյուզան Մոնոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Հանդիպման շրջանակում շարունակվել են Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ասոցիացիաների միջև ստորագրված «Աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագրի աշխատանքների մեկնարկի հետ կապված քննարկումները:
Նշենք, որ Երևանը 1998 թվականից ի վեր անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիային և դրա շրջանակում իրականացվել ու իրականացվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկն էլ այս տարվա մարտին Էրեբունի հնավայրի պահպանման, պատմամշակութային արժևորման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) միջև ստորագրված «Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագիրն էր: Ըստ այդմ, նախատեսվել է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի արտադրման տեխնոլոգիայի ներդրում և այն օգտագործել միջնաբերդի վերականգնման ժամանակ, ինչպես նաև խթանել հնավայրի զբոսաշրջային գրավչությունն ու զարգացնել զբոսաշրջությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ