Շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանվում են

08.07.2021

«Այն շրջիկ առևտուրը, որն այսօր կա մայրաքաղաքում, անթույլատրելի է: Ես ևս մեկ անգամ խնդրում նաև զգուշացնում եմ մեր տնտեսվարողներին, որ այս ձևով չի մնալու, եթե մարդիկ կան, ովքեր ցանկանում են մեծ ներդրումներ անել և մտածում են, որ այս կերպ է մնալու, վստահեցնում եմ՝ փոփոխություն է լինելու և այս ոլորտը կարգավորվելու է»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Շրջիկ առևտուր, թե կրպակներ անիվների վրա: Տարիներ շարունակ խնդիրն արդիական էր հատկապես մայրաքաղաքի կենտրոնական ու բանուկ փողոցներում: Նախատեսվածի համաձայն՝ ոլորտը այս տարեսկսզբից ստացավ օրինական կարգավորում:


«Օրենքը սկսել է գործել նաև սանկցիաների առումով, այսինքն այն անձինք, ովքեր կդրսևորեն իրավախախտ վարքագիծ, շրջիկ ավտոմեքենաները կկայանեն ոչ սահմանված վայրերում և գործունեությունը կկազմակերպեն օրենքի խախտմամբ, միանշանակ լինելու են այսպիսի հետևանքներ. տարհանվելու են, վարչական պատասխանատվություն, տուգանքներ, բավականին ֆինանսական պարտավորություններ են առաջանում: Մեր քաղաքացիներին բազմիցս հորդորել ենք և այսօր էլ նույնպես խնդրում և հորդորում ենք, որպեսզի իրենք ապօրինի որևէ գործունեություն շրջիկ առևտրի կետերի միջոցով չիրականացնեն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:


Շրջիկ առևտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։


«Ամբողջ Երևանում տրված է 52 վայր, հետագայում նախատեսում ենք ավելացնել այդ վայրերը և հնարավարություն տալ քաղաքի ավելի նպաստավոր վայրերում իրականացնել այդ գործունեությունը: Օրինական աշխատող տնտեսվարողների համար բոլոր մատչելի պայմանները կստեղծենք: Ընդհուպ ստեղծել ենք էլեկտրոնային ամրագրման համակարգ, որն առաջադեմներից է և նախկին ԱՊՀ երկրներում որևիցե տեղ չկա, բյուրոկրատիա, քաշքշուք գոյություն չունի: Մարդկանց համար ամենահեշտ պայմաններն են ստեղծված, որպեսզի նվազագույն միջոցներով մեկ անգամ ստանան թույլտվություն և ամբողջ տարվա ընթացքում բացառապես էլեկտրոնային կարգով ամրագրեն իրենց առևտրի վայրերը»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:


Չնայած նախազգուշացումներին ու քաղաքապետարանի հորդորներին՝ որոշ տնտեսվարողներ շարունակում են խախտել օրենքն ու գործունեություն ծավալել ոչ սահմանված վայրերում: Այս դեպում քաղաքապետարանի մոտեցումը հստակ է: Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ինտենսիվ կերպով ապամոնտաժվում են: Օրինախախտների կողքին, սակայն, կան տնտեսվարողներ, ովքեր սեփական ուժերով ու միջոցներով են հեռացնում իրենց շարժական կետերը:


«Տուգանքն առաջին անգամ նախատեսված է 100 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 500 հազար դրամ, դրան գումարած 30 հազար դրամ տարհանման արժեքն է և օրական 1000 դրամ՝ ավտոմեքենայի պահպանության արժեքը: Այսինքն՝ բավականին ֆինանսական կորուստներ կունենան իրավախախտում թույլտված անձինք: Շարունակական գործընթաց է լինելու, կանգ չենք առնելու, մինչև գործունեությունը բերենք օրինական դաշտ»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:


Օրենսդրական բարեփոխումներով առաջ շարժվելու քաղաքային իշխանության նախաձեռնությունները շարունակական են և ընդգրկում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ:

Տեսանյութ

Շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանվում են