Սպորտլանդիա` Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների միջև

12.10.2016

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի տարածքում տեղակայված մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան` «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով: Մարզական միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Սպորտլանդիայի բացմանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակից երեխաներին ու ծնողներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ կրկնակի ուրախալի և նաև ընդօրինակելի է մարզական այս միջոցառման գաղափարը, որով դեռ մանուկ հասակից երեխաներին սերմանվում է զանգվածային սպորտի կարևորությունը: Այնուհետ ազդարարվել է սպորտլանդիայի մեկնարկը: Թվով 10 մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի տարբեր փուլերի ընթացքում մրցել են 5 վարժություններում: Ընդհանուր հաշվարկով սպորտլանդիայի հաղթող է ճանաչվել համար 7 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է համար 17 մանկապարտեզի թիմը և մրցանակային եռյակը եզրափակել է համար 3 մանկապարտեզը: Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ