«Թանգարանային գիշեր»՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում

19.05.2018

«Թանգարանային գիշեր» ծրագրի միջոցառումներին այս տարի ևս միացել են մայրաքաղաքի համայնքային թանգարանները: Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:

Բավականին հագեցած էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ծրագիրը: Ինչպես Թանգարանների միջազգային օրը, այնպես էլ «Թանգարանային գիշերվա» ընթացքում այստեղ այցելուները դիտել են «Հնագիտական ժառանգությունը՝ սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը, իսկ թանգարանի ներքին բակի ցուցասրահում՝ «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել «Պատանի հնագետների» խմբի ուղեկցությամբ շրջելու թանգարանում և ծանոթանալու նմուշներին: Հետաքրքրական էր նաև «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 3D ներկայացումը: ՀՀ գրողների միության անդամների ներկայացմամբ կազմակերպվել է պոեզիայի ժամ, իսկ ավելի ուշ տեղի է ունեցել «Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը» թեմայով ֆիլմերի դիտում: Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև Սեդրակ Մամուլյանի ճաշացանկից համտեսելու ուրարտական խոհանոցի նմուշներ, վայելելու ազգագրական երգեր ու պարեր, ինչպես նաև գիշերն զբոսնելու «Էրեբունի» ամրոցում:
«Թանգարանային գիշեր» ծրագրով հետաքրքիր ցուցահանդես է ներկայացրել նաև «Կարեն Դեմիրճյան» թանգարանը՝ «Մուրճի և զնդանի արանքում» խորագրով: Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացվել են Կարեն Դեմիրճյանի՝ նախկինում չհրապարակված «Ղարաբաղյան օրագրի» էջերը: Բացօթյա սրահում ներկայացվել է «Ղարաբաղյան շարժման պատմության սկիզբը՝ լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսը:
Մարդաշատ է եղել նաև Ժամանակակից արվեստի թանգարանը: Այստեղի հիմնական այցելուները, թանգարանի տնօրինության պնդմամբ, ուսանողներն էին, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժամանակակից արվեստի հանդեպ:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը, միանալով «Թանգարանային գիշեր» ծրագրին, կազմակերպել է «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին՝ ԻԿՕՄ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հանրության կյանքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին