Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը

04.02.2019

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը:

«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում և այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը:
Բավարար գնահատելով փետրվարի 2-ին տեղացած ձյան մաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հնարավոր ձյան տեղումների դեպքում ձնամաքրումը նույն տեմպով և որակով կիրականացվի:
Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում հաճախ ճանապարհներին առաջացած մերկասառույցի պատճառ են դառնում փողոցներին մոտ տեղակայված ավտոլվացման և ծաղկի վաճառքի կետերը, որտեղից ջուրը հոսում է երթևեկելի հատված: Հանձնարարվել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ջրի բաց թողումը սահմանափկելու և արգելելու ուղղությամբ:
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի ստեղծման նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ:
Երևանում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ ու կանոնակարգված կազմակերպելու հարցում Հայկ Մարությանը կարևորել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցությունը:
Ամփոփվել են 2019թ. հունվար ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 116%: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213 մլն դրամով:

Տեսանյութ

Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը
Տեսնել ավելին