Թեժ գիծը Երևանի քաղաքապետարանի զարկերակն է

13.11.2018

Երևանի քաղաքապետարանի և երևանցիների միջև անմիջական կապ ապահովելու, քաղաքացիների խնդիրներըին հնարավորին արագ լուծում տալու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործում է «Թեժ գիծ» ծառայությունը: Այն, քաղաքապետ Հայկ Մարությանի բնորոշմամբ, քաղաքապետարանի զարկերակն է ու նաև կարևոր միջոց՝ մեր համաքաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները մշտական ուշադրության կենտրոնում պահելու տեսակետից: 

Ընթացակարգի համաձայն՝ այն հեռախոսազանգերը, որոնք վերաբերում են միայն բանավոր տեղեկատվության տրամադրմանը (մեծ միջոցառումների անցկացման ժամերի ճշտում, քաղաքապետարանի պաշտոնական կայքից օգտվելու կանոններ և այլն), հեռախոսազանգն ընդունող աշխատակիցը անմիջապես կամ հետադարձ կապով՝ հեռախոսով բանավոր տեղեկություններ է փոխանցում զանգահարողին: Իսկ եթե խնդիրը ենթադրում են աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների անհետաձգելի միջոցառումներ (ջրագծի վթար, աղբախցի խցանում, վերելակի խափանում, ապօրինի շինարարության կանխում և այլն), ապա դրա բովանդակությունը մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգ և կատարման առավելագույն սեղմ ժամկետով տրվում է համապատասխան հանձնարարական: Առանձին դեպքերում բարձրացված խնդրի լուծմանն ընթացք տալու ժամկետը կարող է երկարել, եթե դրա կարիքը կա կամ այն պայմանավորված է սեզոնային գործոնով (ծառերի էտ, բակային տարածքների, ճանապարհների, մայթերի բարեկարգում և այլն):
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ստացվել է 3779 հեռախոսազանգ, որից ձևակերպվել և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել 983 փաստաթուղթ: Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում հեռախոսազանգերի թիվը հասել է 10284-ի, մուտքագրված փաստաթղթերի թիվը եղել է 2230:
Թեժ գծի հեռախոսահամարները գործում են շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 9.00-18.00-ն:
Ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 ծառայությունը զանգեր է ընդունում շուրջօրյա:

Տեսանյութ

Թեժ գիծը Երևանի քաղաքապետարանի զարկերակն է