Տարեցների օրը. աշխատանքների բացօթյա ցուցահանդես-վաճառք

01.10.2021

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ը Կոմիտասի անվան զբոսայգում նախաձեռնել էր տարեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

 

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: Հյուրերին ներկայացվել է խնամքի հայաստանյան 20 կենտրոնների շահառուների տարբեր բնագավառներում գրանցած հաջողությունները՝ ձեռքի աշխատանքներ, հրատարակված գրքեր:


«Երևանի քաղաքապետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնդիրները և քայլեր է ձեռնարկում ըստ կարիքի դրանք հնարավորինս լուծելու համար: Տարեկան ծրագրերում ներառված են սոցիալական մի շարք նախաձեռնություններ» ,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:


Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվել են կազմակերպության կողմից սպասարկվող միայնակ, սոցիալական աջակցության կարիք ունեցող տարեցների համար ներգնա ճամփորդություններ դեպի ՀՀ տեսարժան վայրեր:


«Տարվա ընթացքում շուրջ 500 տարեց հնարավորություն կունենա մասնակիցը դառնալ զբոսաշրջային նախաձեռնության»,-նշում է երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:


Երևանի քաղաքապետարանը «Առաքելություն Հայաստան»-ին անհատույց տրամադրել է շուրջ 8 տարածք, որտեղ ծառայություններ են մատուցվում տարեցների և սոցիալական աջակցության կարիք ունեցող մի շարք այլ խմբերի: Համայնքի աջակցությամբ լուծվել է կազմակերպության Աջափնյակ վարչական շրջանում ցերեկային կենտրոնի տարածքի վարձակալության խնդիրը:


Երևանի քաղաքապետարանի՝ տարեցների համար նախատեսված ծրագրերը կշարունակվեն ամբողջ տարի:

Լուսանկարներ