Տարոն Մարգարյան. «Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը»

24.10.2016

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում:

«Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված հսկողության արդյունքում մի շարք տնտեսվարողների ենթարկել ենք վարչական պատասխանատվության, սակայն արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ: Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը: Պատկերը պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ, կոշտ քայլեր ձեռնարկել: Այն տնտեսվարողները, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, անգամ զգուշացումից հետո չեն կատարում համապատասխան փոփոխություններ, նրանց գովազդային վահանակներն ու ցուցանակները պետք է անմիջապես ապամոնտաժվեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյան. «Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը»