ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Տարոն Մարգարյան. «Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին»

17.07.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների գործընթացին: Աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև վարչական շրջանների ղեկավարներին, և համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները: 

«Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երևանցիներին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, և դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները: Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երևանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երևանում են ու նախ և առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում: Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան աշխատանքային խմբի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին և համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player