Տարոն Մարգարյան. «Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը»

25.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ 

«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ու այդ ուղղությամբ համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործմանը: Տեղյակ եմ, որ ս.թ. հուլիսին Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանող շուրջ 1000 մարզիկ։ Ողջունելով Երևանում մարզախաղերի կազմակերպումն ու անցկացումը` նաև նշեմ, որ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը: Եվ համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել միությանը՝ մարզախաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Գնահատելով Երևանի քաղաքապետի հետևողականությունն՝ ուղղված միության նախաձեռնությունների կյանքի կոչմանը, Գառնիկ Մկրտիչյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս Երևանում էլ ավելի ակտիվացնել միության գործունեությունն ու տարբեր միջոցառումների կազմակերպումը:
«Պարոն քաղաքապետ, իսկապես հաճելի է, երբ կողքիդ ունես վստահելի գործընկեր, ով մշտապես աջակցում է բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են հայրենասեր ու պատասխանատու սերունդ դաստիարակելուն: Մենք անչափ կարևում ենք նաև այն հանգամանքը, որ մեր միությունը հանդիսանում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես կարևորում է երիտասարդության ներուժը»,- նշել է Գառնիկ Մկրտիչյանը:
Հանդիպման շրջանակում Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել միության 10-րդ մարզախաղերի հետ կապված մանրամասները՝ վստահեցնելով, որ այն Երևանում կապահովի իսկապես մարզական ու տոնական տրամադրություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյան. «Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը»