Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

18.03.2015

Երևանի ավագանու հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամներ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Նաև նշվել է, որ նրանք, օրենքով սահմանված կարգով, կշարունակեն մնալ Երևանի ավագանու անդամներ։ Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել տնտեսաական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի դիմաքանդակը տեղադրելու մասին որոշման նախագծերին: Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված, ինչպես նաև 20-րդ դարասկզբին զոհված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը եզդիական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել ավագանուն՝ որոշմանը միաձայն կողմ քվեարկելու համար։ Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նորակառույց զբոսայգին Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվամբ անվանակոչելու մասին որոշմանը: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացնելով Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի հաշվետվությունը, նշել է, որ այն անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հավանության է արժանացել: Համաձայն հաշվետվության՝ բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2013 թվականի փաստացի ցուցանիշից ավելի են 6.8%-ով։ Սեփական եկամուտների փաստացի կատարողականը, համաձայն հաշվետվության, 2013 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 10.6%-ով։ Վահե Նիկոյանը նաև նշել է, որ հաշվետվության նախագիծը սահմանված կարգով քննարկվել է համապատասխան հանձնաժողովի նիստում, ներկայացվել հանրային քննարկման: Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:
Ավագանու որոշմամբ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու թույլտվություն է տրվել «Դիալաբ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ներին:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել ապրիլի 30-ին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Տեսնել ավելին