ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ». Հայկ Մարության

08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:
Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում քաղաքապետը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի: Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերը աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի խնդրի կանոնակարգմանը՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու նպատակով: Միաժամանակ առևտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ:

«Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության: Մարդիկ ուզում են՝ առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, և բացի այդ նաև թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաև մարդկանց ուղղորդելով առևտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

«Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք որևէ խնդիր չի կարող լինել: Որովհետև այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Քաղաքապետ Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչները՝ առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player