Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13.03.2019

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Վրաստանի նախագահը նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Լուսանկարներ