ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նոր Նորքի (V զանգված) Սբ. Սարգիս եկեղեցի

Նոր Նորքի (V զանգված) Սբ. Սարգիս եկեղեցի
Եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.` մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Տեր Գառնիկ ավագ քահանա Հալաջյանը նույնպես զգալի ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից: 
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Բացվել է  2000թ. փետրվարի 19-ին, օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին: Եկեղեցու Սբ. սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է: Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով: Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են: 
Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց: