ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արտաքին կապերի ոլորտում իրականացվող աշխատանքներ

ԵԱՏՄ քաղաքների գագաթնաժողով

 

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է Երևանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ԵԱՏՄ քաղաքների գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում էին Մոսկվայի, Երևանի, Բիշքեկի, Տաշքենդի, Աստանայի ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը, ողջունելով բոլոր անդամներին, կարևորելով գագաթնաժողովի անցկացումը 2800-ամյա Երևանում, առաջարկել է ստեղծել միասնական հարթակ, որի միջոցով քաղաքները կկարողանան համագործակցել, և քաղաքների միջև հնարավոր կլինի ծավալել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

 

Կայացավ «Բարեկամության գավաթ» մրցաշարը

 

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Վ. Կուշնարյովի և Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի` Երևանում պաշտոնական հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստովի (ՌԴ) վարչակազմի միջև 2015-2020թթ. համար առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագրով ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն՝ Դոնի Ռոստովում անցկացվելիք «Բարեկամության գավաթ» ֆուտբոլային մրցաշարին երևանյան թիմի մասնակցության վերաբերյալ:
2018թ. մայիսի 4-12-ը Երևանի ֆուտբոլային թիմը մեկնեց հիշյալ մրցաշարին մասնակցելու նպատակով: Մրցաշարին մասնակցում էին Դոնի–Ռոստով (ՌԴ), Երևան (Հայաստան), Պլեվեն (Բուլղարիա), Անթալիա (Թուրքիա), Դորտմունդ (Գերմանիա), Յանթայ (Չինաստան), Պոլիս-Խրիսոխուս (Կիպրոս), Սևիլիա (Իսպանիա) քաղաքների թիմերը։

 

Կայացավ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը


2018թ ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը՝ համայնքների, մարզպետարանների, պետական կառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Ֆրանսիայի Հանրապետության համայնքների հետ համագործակցող Արցախի Հանրապետության տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկան «Ֆրանսիա» խմբի նախագահ, Վաղարշապատ համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը։
Քննարկվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության վիճակը տեղական և տարածքային մարմիններում։ Խմբի անդամները ներկայացրեցին իրենց ընթացիկ ծրագրերը։
Քննարկվեցին նաև 2018թ. մարտ-ապրիլին Հայաստանում ավանդաբար կազմակերպվող ֆրանկաֆոնիայի երկամսյակի միջոցառումների ընթացքը, դրանցում համայնքների և մարզերի ներգրավվածությունը, 2018թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի մանրամասները, դրանում տեղական մարմինների ներգրավվածության ձևերը, ինչպես նաև 2019թ. Ֆրանսիայում անցկացվելիք հայ-ֆրանսիական հերթական հանձնաժողովի գործունեության խնդիրներ։
«Ֆրանսիա» խումբը հավանություն տվեց նոր խմբագրությամբ կանոնադրության նախագծին, ապա միաձայն, երկու տարի ժամկետով խմբի նախագահ վերընտրեց Վաղարշապատ համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը։

 

Ծառատունկ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ

 

Մարտի 31-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակին Կարմիր բլուրի տարածքում կազմակերպվել է դիվանագիտական ներկայացուցչությունների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների մասնակցությամբ ավանդական դարձած ծառատունկը, որին մասնակցել է 40 կազմակերպություն՝ դեսպաններ, դեսպանատան ներկայացուցիչներ, դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀՀ-ում պատվո հյուպատոսներ:

Լուսանկարներ