ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մեր սոցիալական գործընկերները

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Մայրաքաղաքում սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված են մարդիկ, ովքեր զուրկ են առանց լրացուցիչ օգնության սեփական գոյության համար նույնիսկ ամենաանհրաժեշտը ձեռք բերելու հնարավորությունից, և միայն պետական սոցիալական ծրագրերով և քաղաքապետարանի աջակցությամբ հնարավոր չէ լուծել նրանց խնդիրները։
Այս առումով քաղաքապետարանը համագործակցում է որոշ հասարակական կառույցների հետ, որոնց աջակցությամբ հաճախ իրագործվում են մի շարք ծրագրեր։


 

Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական բարեգործական կազմակերպության համագործակցությամբ Եվրոպական Միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների համար:
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի համապատասխան դասախոսական կազմի մասնակցությամբ սոցիալական աշխատողներին գիտելիքներ են տրվել քաղաքացիների սոցիալական պաշտպանության գործում համայնքի սոցիալական գործառույթների, սոցիալական ռեսուրսների գնահատման և օգտագործման, անապահով ընտանիքների հետ աշխատանքի, տունայցի մեթոդների, սթրեսի կառավարման և այցելուների հետ հաղորդակցման հմտությունների և էթիկայի վերաբերյալ:

Վերապատրաստման բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից տրվել են վերապատրաստման վկայագրեր:
Բացի այդ՝ «Վորլդ Վիժնը» հսկայական ծրագրեր է իրագործում հատկապես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և աջակցություններ է տրամադրում բազմաթիվ կարիքավոր ընտանիքների, որոնք դրանց անհրաժեշտությունը շատ ունեն։

Շնորհակալություն մեր գործընկեր «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակին` սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ ցուցաբերած սոցիալական պատասխանատվության համար:


Սոցիալական համագործակցություն` որակյալ սոցիալական ծառայությունների մատուցմամբ

 

«Առաքելություն Հայաստան»

 

Ավելի քան 20 տարի «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մատուցում է սոցիալ-առողջապահական ծառայություններ հանրապետության 8 մարզերի 22 քաղաքների շուրջ 8000 տարեցների, հաշմանդամների, ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների և այլ անապահով խավերի։
1993թ. «ԱՀ» ՀԿ-ն, համագործակցելով քաղաքային իշխանության մարմինների հետ /տարածքների տրամադրում, համաֆինանսավորում/, Երևանում ստեղծել է սոցիալ-առողջապահական ծառայությունների և բարեգործական ճաշարանների համակարգ, որից օգտվում են ավելի քան 4000 տարեցներ, հաշմանդամներ, փախստականներ և անապահով ընտանիքներ։ Համակարգը ներառում է սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման համայնքային 3 կենտրոններ, 6 ցերեկային կենտրոններ /բարեգործական ճաշարաններ (ցկ/բճ), անօթևան միայնակ տարեցների համար նախատեսված սոցիալական տուն /առաջինը ՀՀ-ում/, բուժկետեր և այլ ենթակառույցներ։ Երևան քաղաքի ցերեկային կենտրոններում գործող բարեգործական բոլոր ճաշարաններում օրական մեկ անգամ մատուցվում է 2-3 ճաշատեսակից բաղկացած, կալորիականությամբ հարուստ տաք կերակուր։

«ԱՀ» ՀԿ-ն իր փորձառու սոցիալական աշխատողների, սոցիալական սպասարկողների, խնամողների, բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների, իրավաբանների միջոցով համայնքների շահառուներին տրամադրում է անհրաժեշտ գրեթե բոլոր ծառայությունները՝ անկախ կարգավիճակից` գամված են անկողնում, թե ի վիճակի են այցելել «ԱՀ»ՀԿ-ի վերոնշյալ կառույցները։ Կենտրոններում տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-առողջապահական, սննդի, իրավաբանական, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև շահառուների հմտությունների զարգացմանն ու ակտիվացմանն ուղղված դասընթացներ, միջոցառումներ, իսկ ովքեր շարժունակ չեն, բացի վերոնշյալ ծառայություններից, տնային պայմաններում ստանում են նաև խնամք։

Ծառայությունները մատուցվում են ՀՀ և միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթային փաթեթով` լիցենզավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

 


«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԵՎ «ՕՐՐԱՆ»




«Հայ օգնության ֆոնդ» և «Օրրան» կազմակերպությունները նույնպես Երևանում բարեգործական մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք նպաստում են կարիքավոր բազմաթիվ ընտանիքների, երեխաների, տարեցների աջակցությանը, իսկ վերջիններս օգտվում են նաև նշված կազմակերպությունների բարեգործական ճաշարաններից;

 

Հայ-Դանիական «Հանս-Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ 

 

Երևանի քաղաքապետարանի սոցիալական գործընկերներից է Հայ-Դանիական «Հանս-Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որի հետ 2011թվականի դեկտեմբեր ամսից քաղաքապետ Տ. Մարգարյանի նախաձեռնությումբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը իրականացնում է անօթևանների հավաքագրման և ժամանակավոր կացարան տեղափոխման ծրագիրը:
Սոցիալական համագործակցությունը շարունակվում է:

 

«Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպություն

 


Երևանի քաղաքապետարանի լավագույն սոցիալական գործընկերներից է «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը տարիներ ի վեր հսկայածավալ բարեգործական ծրագրեր է իրականացրել մայրաքաղաքում /մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում/:
Այդ համագործակցությունը ներկայումս շարունակվում է նաև քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության հետ՝ ի նպաստ բազմաթիվ կարիքավոր ընտանիքների, որոնք ունեն առաջնային օգնության և հրատապ աջակցության կարիք:
Քաղաքապետարանը իր շնորհակալությունն է հայտնում կազմակերպության նախագահ՝ Մարիա Գորիսին և տնօրեն՝ Բենիամին Աղամալյանին՝ համագործակցության և սոցիալական պատասխանատվության համար։

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ.

 

 

 

Երևանի քաղաքապետարանի սոցիալական
ապահովության վարչություն