ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

««Սուրբ Աստվածածին» ծննդատուն» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
««Սուրբ Աստվածածին» ծննդատուն» ՓԲԸ

««Սուրբ Աստվածածին» ծննդատուն» ՓԲԸ-ն գործունեություն է ծավալել 1992թ. հունիսի 4-ից: 2004-2012թթ. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործել է որպես մեկ ընդհանուր կազմակերպություն` ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատուն» անվամբ:
2012թ. հոկտեմբերի 1-ից վերակազմավորումից հետո հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության առանձին բուժհաստատություն` ««Սուրբ Աստվածածին» ծննդատուն» ՓԲԸ ։
Ծննդատունն ապահովում է բնակչությանն անվճար ծննդօգնությամբ և գինեկոլոգիական, ուռոլոգիական, վիրաբուժական, ԼՈՌ ծառայություններով։
2015թ.-ից մատուցում է ամբուլատոր համաբուժարանային (պոլիկլինիկական) ծառայություն:
Բուժհաստատությունում բժշկական ծառայություններ են մատուցում որակյալ մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպական մի շարք երկրներում և ՌԴ-ում:
Գերխնդիրը բնակչությանը որակյալ և մատչելի բուժսպասարկում մատուցելն է: Այսօր մեր ծննդատանն իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում բժշկական համալսարանի ապագա բժիշկներն ու մանկաբարձները:

 

Ծննդատանը գործում են հետևյալ բաժինները.

 

1. Մանկաբարձական բաժանմունք
2. Նորածնային բաժանմունք
3. Գինեկոլոգիական բաժանմունք
4. Վիրահատարան, անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
5. Կանանց խորհրդատվություն
6. Դիագնոստիկ ծառայություն
7. Կլինիկաախտորոշիչ և մանրէբանական լաբորատորիաներ
8. Արյան փոխներարկման բաժանմունք
9. Դեղատուն
10. Օժանդակ բուժծառայություն
11. Ուռոլոգիա
12. Ընդհանուր վիրաբուժություն
13. Քիթ-կոկորդ-ականջաբանական
14. Ամբուլատոր համաբուժարան։

Ծննդատունը հագեցած է բարձրակարգ բուժտեխնիկայով: Մահճակալների թիվը 60 է: Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում են այդ ոլորտում կատարվող բոլոր վիրահատությունները, այդ թվում` վիրահատական և ախտորոշիչ լապարասկոպիա, շեքի վերականգնողական վիրահատություններ /պլաստիկա/:
Բուժհաստատությունում կատարվում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար վիրահատություններ` պետպատվերի շրջանակում:

 

Նորածնային բաժին



Երևանի Սուրբ Աստվածածին ծննդատան նորածնային բաժանմունքն ունի շուրջ 20 տարվա պատմություն: Բաժանմունքը ծննդատան հիմնադրման օրվանից հագեցած է եղել նորածիններին փաթաթելու համար նախատեսված տաքացվող սեղաններով, հիվանդ և խնամքի կարիք ունեցող նորածիններին անհրաժեշտ վերակենդանացման սեղաններով և կուվեզներով: Վերջին տարիներին հագեցվել է նաև շնչառական խանգարումներ ունեցող նորածինների համար Bubble CPAP սարքով և նորածնային հեմոլիտիկ հիվանդության ու դեղնուկային համախտանիշ ունեցող նորածինների համար ֆոտոթերապիայի ժամանակակից լամպով և փոքր քաշ ունեցող նորածինների համար՝ տաքացվող մահճակալով:
Բաժանմունքը վերջնականապես վերանորոգվել է 2008թ.-ին ՝ Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցու տիկնանց միության կողմից: Կառուցվել է ընդարձակ ինտենսիվ սրահ՝ թթվածնի կենտրոնացված մատակարարումով: Բաժանմունքում վերդրված է մոր և մանկան համատեղ կացությունը: Աշխատում ենք բացառապես կրծքով սնուցման ծրագրով: Մայրերի հետ անցկացվում են կրծքով սնուցման վերաբերյալ դասընթացներ. նրանց սովորեցնում ենք կրծքով կերակրելու ճիշտ եղանակը, բացատրվում է կրծքի կաթի խիստ անհրաժեշտությունը նորածնի բնականոն աճի և զարգացման համար: Տրվում են նաև խորհուրդներ՝ նորածինների հետագա խնամքի վերաբերյալ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում և երկարատև աշխատանքային փորձ ունեցող բժիշկներ և բուժքույրեր:

 

Կլինիկական լաբորատորիա

 

Լաբորատորիան աշխատում է ծննդատան բացման օրվանից՝ 20 տարի: Հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միշտ ապահովված է եղել անհրաժեշտ ռեակտիվներով և քիմիական նյութերով։ Գործում են կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական և մանրէաբանական լաբորատորիաները, որոնք սպասարկում են հղիներին, հիվանդներին և նորածիններին:
Լաբորատորիայում աշխատում է 4 բժիշկ և 6 միջին բուժաշխատող, ովքեր բազմիցս վերապատրաստվել են ԱԱԻ-ի ամբիոնում: Լաբորատորիայի բժիշկները միշտ մասնակցում են հանրապետությունում կազմակերպվող վերապատրաստմանը և խորհրդակցություններին:
Բոլոր աշխատատեղերը հագեցված են միայն ճապոնական մանրադիտակներով, արտասահմանյան սարքավորումներով, որոնք օգտագործվում են ի շահ հղիների ու հիվանդների և պարբերաբար թարմացվում են:
Հետազոտությունների որակը և հնարավորինս արագ կատարումը երաշխավորվում է:

 

Մանկաբարձական բաժին

 

Ծննդատան բացումը տեղի է ունեցել 1992թ. նոյեմբերի 15-ին: Այն կառուցվել, կահավորվել և սարքավորումներով ապահովվել է իտալական «Ինսո» կազմակերպության կողմից: Այս ամենն իրականացվել է Սպիտակի երկրաշարժի տարիներին ստեղծված «Բարի կամքի» լրագրողների՝ Հայաստանի ապագային միջազգային բարեգործական հիմնադրամի միջոցների շնորհիվ:
Ծննդատունը հիմննորոգվել ու ժամանակակից սարքավորումներով հագեցվել է 2009թ. Լոնդոնի Թահթա ընտանիքի և լոսանջելեսաբնակ Վիգեն, Մանյա, Մելինե և Արմեն Քեշիշյանների միջոցներով:
Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ ծառայությունը:
Կլինիկան Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և Գինեկոլոգիայի, Անեսթեզիոլոգիայի և Վերակենդանացման, Կլինիկական ախտորոշման ամբիոնների կլինիկական հենքն է:
Ծնարանում կա հղիի համար նախատեսված հանգստի անհատական մահճակալ, ծննդաբերական մահճակալ, նորածնի փաթաթման և մշակման համար տաքացվող սեղան և բժշկական սարքավորումներ։ Ծննդաբերության ընթացքում բուժանձնակազմը հատուկ ժամանակակից սարքերով հետևում է պտղի սրտի աշխատանքին։ Ծնվելուց հետո նորածինն անմիջապես մոտեցվում է կրծքի: Ծննդաբերության ժամանակ հնարավոր է ամուսնու ներկայությունը: Ցանկության դեպքում հնարավոր է նաև ծննդաբերության անհատական վարում՝ բժշկի և մանկաբարձի կողմից։ Ծնարանները տաքացվում են ընդհանուր ջեռուցման համակարգով, ամռանը ջերմային ռեժիմը կարգավորվում է օդորակիչներով։
Ծննդատան կարգախոսն է՝ «Անվնաս, պահպանողական ծննդաբերության վարում»:
Ունենք հետծննդյան կացության հարմարավետ հիվանդասենյակներ՝ նախատեսված 1-3 ծննդկանների համար, որոնք ապահովված են մշտական տաք և սառը ջրով ու սանհանգույցով: Կինը իր և նորածնի բուժական նշանակումների մասին պարտադիր կերպով տեղեկացվում է:
Հղիների ախտաբանության բաժանմունքում հետազոտվում, բուժվում և հսկվում են հղիներ՝ հետևյալ մանկաբարձական ախտաբանություններով.
• Սպառնացող վիժում
• Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն՝ պտղի ներարգանդային թերզարգացումով, ֆետո-պլացենտար անբավարարությամբ։
Կատարվում է իսթմիկո-ցերվիկալ անբավարարության շտկում, և մի շարք այլ հղիության ընթացքի շեղման բուժումներ։

 

Կանանց խորհրդատվություն (կոնսուլտացիա)

 

Ավելի քան քսան տարվա պատմություն ունեցող «Սուրբ Աստվածածին» ծննդատան կանանց խորհրդատվությունը ձևավորվել են հղիության վարման առողջ մասնագիտական ավանդույթներ: Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք մշտապես հետևում են գիտության ժամանակակից նվաճումներին: Հղիության ընքացքում փորձառու մասնագետները իրականացնում են ֆետո-պլացենտար համակարգի հետազոտություններ, ինչպիսիք են ուլտրաձայնային ախտորոշումը, պտղի և մոր անոթների դոպլերոմետրիան, կարդիոտոկոգրաֆիան: Անհրաժեշտության դեպքում հղիների համար կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն: Բաժանմունքում գործում է նաև մայրական դպրոցը, որտեղ մարդիկ կարող են ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Ծառայություններ
• Հղիության հսկողություն
• Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում
• Չբերության բուժում
• Կանանց կլիմակտերիկ շրջանի խորհրդատվություն:

 


Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք

 

«Սուրբ Աստվածածին» ծննդատան անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը ընդգրկում է ժամանակակից սարքավորումներով հագեցված երկու վիրահատարան, որտեղ անց են կացվում գինեկոլոգիական բազմազան վիրահատություններ և կեսարյան հատում: Բաժանմունքում շորջորյա աշխատում են փորձառու և բանիմաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Բաժանմունքում անց են կացվում անզգայացման բոլոր տեսակները, ինչպես նաև ծննդաբերության ցավազրկում էպիդուրալ անզգայացման միջոցով` հղիի ցանկությամբ: Վիրահատարաններին կից գործում են նոր վերանորոգված ինտենսիվ թերապիայի պալատները, որտեղ վիրահատված հիվանդները ստանում են բարձրորակ խնամք հոգատար և մասնագիտական համապատասխան գիտելիք ունեցող միջին բուժանձնակազմի կողմից:

 

Ընկերության հասցեն` ք. Երևան, Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21

Հեռ.` (010) 72-78-01

Լուսանկարներ