ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)

Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)
Գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին հիմնովին ավերվել է, և նրա տեղը կառուցել են <<Մոսկվա>> կինոթատրոնը: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ որոշ տվյալների, Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ.` հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` XVII դարավերջին: 
Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին եռանավ բազիլիկ էր, անգմբեթ: Ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն էր՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերը տարբեր ժամանակների որմնանկարների 6 շերտ ունեին, որոնցից վերին երկուսը պաստառի, իսկ խորքերինը կրածեփի վրա էին:
Եկեղեցին քանդելիս դրանք շերտ-շերտ հանվել ու փոխադրվել են տարբեր թանգարաններ: