ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արտաքին լուսավորությունը

Արտաքին լուսավորությունը

Մինչև 20-րդ դարի սկզբին Երևանի փողոցների լուսավորումը նավթային լապտերներով էր: 1870-ականներին լուսավորության խնդիրները լուծում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897թ. սկսած տրվում էր կապալով՝ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878թ. քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.՝ 85, 1881թ.՝ 100, 1906թ.՝ 722, 1913թ.՝ 228: Ինչպես երևում է բերված թվերից՝ Երևանում լապտերների թիվը մինչև 1906թ. գնալով ավելացել է, իսկ դրանից հետո՝ կտրուկ նվազել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործմամբ: Երևանի կենտրոնում նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրականով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը՝ նավթային լապտերները մնացին մինչև 1920-ական թվականները:

Երևանում օգտագործվում էր երկու տեսակի լապտեր՝ հասարակ և «Գալկինի»: 1880թ. կապալառուն 83 լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսը եղել է 4784 ռուբլի, 1913թ.՝ 2451 ռուբլի:
Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետո՝ մինչև ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմ՝ Աբովյան) 1913թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո ընկղմվում էին խավարում: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորությունը վատն էր նաև 20-րդ դարասկզբին: 1905թ. Նորքի փողոցներում կար նավթային ութ հին լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետր:
1901թ. ապրիլի 13-ին ինժեներ Ն.Պասեկը Երևանի ղեկավարությանը ներկայացնում է ծրագիր՝ երկաթգծի, էլեկտրական լուսավորության և հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նա նախատեսում էր գլխավոր փողոցներին և երկու պուրակի տալ էլեկտրական լուսավորություն՝ փայտյա սյուների վրա տեղադրելով 70 լապտեր: Ցանկանում էր նաև էլեկտրական տրամվայ անցկացնել երկաթուղային կայարանից մինչև գլխավոր հրապարակն ընկած հատվածում, Աստաֆյան փողոցի մի մասով: Տրամվայի գծի ընդհանուր երկարությունը, ըստ ծրագրի, երեք վերստ էր: Դրա համար Հրազդան գետի վրա նա առաջարկում էր կառուցել 147 կՎտ (200 ձիաուժ) հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Մտահղացումը պետք է կյանքի կոչվեր 18 ամսում և արժենար 300 հազար ռուբլի: Քաղաքային խորհուրդը մերժում է Պասեկի առաջարկը՝ այն համարելով անարդյունավետ:
1909թ. գերմանական հայտնի մի ընկերություն ցանկություն է հայտնել Հրազդան գետի վրա կառուցել 515 կՎտ (700 ձիաուժ) հզորության էլեկտրակայան՝ 90000 ռուբլի արժեքով. ներառում էր նաև շենքի շինարարությունը, մեքենաներ ձեռք բերելը (բացառությամբ ջրանցքի), քաղաքում տարածվող էլեկտրական գծի կառուցումը՝ 40-50 հազար ռուբլի արժեքով: 1910թ. Երևանի մեծահարուստ Հաջի Իրզան դիմում է քաղաքային ինքնավարությանը՝ Հրազդանի ափին, իր ունեցած ջրաղացների տեղում 110 կՎտ (150 ձիաուժ) հզորության էլեկտրակայան կառուցելու և քաղաքի փողոցներում էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու առաջարկով: Այդ թվականներին Երևանում գտնվող երկու հիդրոէլեկտրակայաններից միայն «Ամպեր» ընկերության կայանն էր քիչ թե շատ լուծում փողոցների լուսավորության խնդիրը: «Երևանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. 59 համարից տեղեկանում ենք, որ, «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալով, չեն կարողանում էլէներգիա մատակարարել քաղաքի որոծ մասերի: Շատ տներ և խանութներ դարձյալ դիմում են նավթի կիրառությանը… Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «…Քաղաքի լուսավորությունն անմխիթար է, փաստորեն, քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը և ոչ էլ՝ նավթայինը»:
20-րդ դարի 10-ական թվականներին Երևանի հիդրոէլեկտրակայանների արտադրած էլէներգիան անբավարար էր և անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար:
1911 թ. նոյեմբերի 9-ի նիստում Երևանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 հոգուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել և կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմը «լուծում» է Երևանի փողոցների լուսավորության խնդրին: Քաղաքն ընկղմվում է կիսախավարի մեջ:

 

***

 

Երևանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռևս 1954թ.: Մինչև 1992թ. այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում, հրապարակներում և այգիներում: Դրա ընդհանուր երկարությունը 795կմ էր: Տարբեր մակնիշի 49 909 լուսատուները տեղադրված էին 31 279 հենասյուններին:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը ԽՍՀՄ տարիներին լավագույններիցէր: Խորհրդային Միության փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Միայն 2000թ. սկսեց աստիճանաբար բարելավվել արտաքին լուսավորությունը: Մեր օրերում Երևանում լուսավորված է 895 փողոց: Բոլոր՝ 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչև լուսաբաց: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի և Մաշտոցի պողոտաները: Մայրաքաղաքի լուսավորությունը երեք ռեժիմ ունի` «նորմալ», «գիշերային» և «տոնական»: Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքը լուսավորելու նպատակով ծախսվում է ժամում մոտ 13 հազար կՎտժ էլէներգիա: