ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արժեքային համակարգ

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 - ամյակը


Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 - ամյակի միջոցառւմների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից հայտարարված միջդպրոցական մրցույթների հաղթողներին, բոլոր մասնակիցներին ամփոփիչ հանդիսության ժամանակ ջերմ խոսքերով շնորհավորեցին Երևանի քաղաքապետի տեղակալ պ. Ա. Սուքիասյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Ա. Ստեփանյանը: Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մրցանակակիր և անվանակարգերի արժանացած դպրոցները:

 

Հայկական երկրորդ ռազմամարզական խաղեր


Իսակովի անվան հ. 132 դպրոցում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրվան նվիրված «Հայկական երկրորդ ռազմամարզական խաղերի» հանդիսավոր փակման արարողությունը: Երիցս փառք քառօրյա պատերազմում զոհվածներին...

 

Ռուս-հայկական բարեկամություն


Ռուս-հայկական բարեկամության պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումներին արձագանքեց նաև Երևանի Ս. Կապուտիկյանի անվան հ.145 հիմնական դպրոցը: «Ռուսերենի օրերը Հայաստանում» խորագրի ներքո 21.11.2017թ. դպրոցում անցկացվեց Ս. Մարշակի 130-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում՝ արժանին մատուցելով տաղանդավոր ստեղծագործողին, մեծ մարդուն:

 

 

Երևանի Գրիգոր Նարեկացու անվան հ.137 հիմնական դպրոցը 50 տարեկան է


Կայացավ Երևանի Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը: Տոնական միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացան Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

 

Դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղեր

 

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերում ձեռք բերած հաջողությունների համար մարզիկները, մարզիչները, Երևանի դպրոցների և վարչական շրջանների սպորտի պատասխանատուները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:

 

 Համազգային տոն


Երևանի դպրոցներում մեր դարավոր երազանքի 26-ամյակը խանդավառ ոգևորությամբ նշում է անկախության սերունդը՝ ավագների մասնակցությամբ:

 

 Այցելություն ճամբարներ


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները երեք հերթափոխում էլ այցելել են ամառային ճամբարներում հանգստացող դպրոցականներին, ուր մասնակից են դարձել բազմաբովանդակ միջոցառումներով հագեցած նրանց առօրյային՝ երգի, ազգագրական պարերի, բանկային համակարգի ուսուցման, հմտությունների ձեռքբերման դասընթացներին:

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում (երկրորդ հերթափոխ)


Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ հուլիսի 8-ին երկրորդ հերթափոխով 425 երեխա մեկնեց ամառային հանգստի՝ Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:

 

Դպրոցականների ամառային հանգստի 

Կազմակերպում

 

Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: 

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունիսի 19-ին առաջին հերթափոխով  365 երեխա մեկնեց ամառային հանգստի:

 

«Արի տուն-2017»


2017թ. հունիսի 18-ին մեկնարկեց սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ծրագիրը: Այն անցկացվում է 9-րդ անգամ:
Ծրագրի մասնակիցները բազմաբովանդակ օրեր են անցկացնում Հայաստանում: Այցելում են պատմամշակութային հուշարձաններ, ծանոթանում մայրաքաղաքի տեսարժան վայրերին, իսկ Երևանի Ե. Չարենցի անվան դպրոցում ունկնդրում վաստակաշատ, փորձառու ուսուցիչների վարած հայոց լեզվի պարապմունքները:

 

Կավճանկարչություն՝ Ազատության հրապարակում

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 1000 աշակերտ մասնակցեց Ազատության հրապարակում կազմակերպված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կավճանկարչությանը:
Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր վարչական շրջանը խորհրդանշող պատկերը:
Միջոցառման ավարտին հրապարակը գունազարդվեց երևանյան տեսարժան վայրերով:

 

Դպրոցականների «Մշակութային ծրագիր»

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մշակութային ծրագրի» շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցին Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» երկու գործողությամբ դրաման: Դպրոցականները դահլիճից հեռացան տպավորված գլխավոր դերակատարներ Ջ. Ստեփանյանի, Մ. Դավթյանի և Ա. Զաքարյանի և մյուսների խաղով, հպարտ՝ Արցախյան ազատամարտի հերոսներով:

 

Այց՝ Երևանի պատմության թանգարան

 

Արդեն ավանդույթ դարձած մշակութային ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 4000 աշակերտ այցելեց Երևանի պատմության թանգարան՝ ծանոթանալու ցուցանմուշներին, լսելու նրանց հետ առնչվող պատմությունները, մասնակցելու թանգարանի աշխատողների կողմից կազմակերպված խաղերին, որոնք երևանագիտության յուրօրինակ դասընթաց են դառնում:

 

Աշակերտների ամառային հանգստի կազմակերպում


Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է խորհրդակցություն` զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստն ապահովելու համար երեք հերթափոխով մանկական առողջարանական ճամբարներ կազմակերպելու նպատակով:
Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Մասնակցում էին հանրակրթության վարչության և սոցիալական ապահովության վարչության պետերը և վարչական բոլոր շրջանների կրթության, նմշակույթի և սպորտի նաև սոցիալական ապահովության, առողջապահության ծրագրերի բաժինների պետերը:
Տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Անմահները հրամայում են...


Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 147 դպրոցն այսօրվանից կոչվում է ապրիլյան քառօրյա պատերազմում դյուցազնորեն մարտնչած, հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի անունով: Նա իր մահով իր հավերժական ներկայությունը հաստատեց հայոց անմահների բանակում: Փառք նրանց և խոնարհում նրանց ծնողներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ դպրոցում բացվեց հերոսի հուշատախտակը: Քաղաքապետն առանձնակի նշանակություն է տալիս հայրենաշունչ դաստիարակությանը, և դպրոցի անվանակոչության գործընթացի նկատմամբ ունեցել է առանձնակի հետևողական վերաբերմունք:

 

Ապրիլյան քաջերի վերածնունդը

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը և Վ.Վաղարշյանի անվան հ.80 դպրոցի մանկավարժները և աշակերտներն ապրիլյան քառօրյայում զոհված հերոսների հիշատակին դպրոցի բարձրադիր լանջին կազմակերպեցին ծառատունկ: Այն նվիրեցին քառօրյայի զոհերի հիշատակին: Միջոցառումը յուրօրինակ խոնարհում էր այն մայրերի առջև, ովքեր հերոսներ են նվիրել մեր ժողովրդին: Այս ծառերը վաղը սերունդներին կպատմեն բոլոր քաջերի մասին, իսկ մայրերը իրենց քաջարի որդիների վերածնունդը կտեսնեն…

 

 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող

երեխաների ներառումը դպրոցում

 

Երևանի հ.163 հիմնական դպրոցում ծնող, աշակերտ, մանկավարժական համակազմ կապը սերտ է և արդյունավետ՝ սովորողների կրթադաստիարակչական աշխատանքները նպատակային և համակարգված իրականացնելու համար:
Դպրոցը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ «Աուտիզմի ազգային հիմնադրամի» աջակցությամբ հիմնանորոգվել են նշված դպրոցի սանհանգույցները, իսկ ծնողների միջոցով վերանորոգվել են շախմատի և այլ 3 դասասենյակներ՝ ներառված երեխաների համար կրթական գործընթացն առավել մատչելի և դյուրին դարձնելու համար:

 

Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփում


Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցները կազմակերպել և անցկացրել են գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, թատերականացված բեմականացումներ՝ նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին:
8-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ մասնակցել է անցկացված «Բաց նամակ Գարեգին Նժդեհին», «Նժդեհի գաղափարական դասերը» և «Գ. Նժդեհի «Առյուծածին մայրեր» հոդվածը և արդիականությունը» թեմաներով աշակերտական գիտական ընթերցումների մրցույթին:
Լավագույնները պարգևատրվել են
Երևանի քաղաքապետի պատվոգրերով, անվանակարգերով և գրքերով: Առաջին տեղը զբաղեցրած աշակերտին մրցանակ է հանձնվել նաև Արարատյան Հայրապետական թեմի կողմից: Միջդպրոցական մրցույթում լավագույն է ճանաչվել 12 դպրոց, որոնց մանկավարժական համակազմերը ևս արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

  

Դասը վարում են մտավորականները

 

Հայոց ամենայն բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, աշխատակազմի հանրակրթության վարչության և Գրողների միության սերտ համագործակցությամբ իրականացվող բազմաթիվ միջոցառումների շարքում դպրոցներում կազմակերպեցին հանդիպումներ, օրինակելի դասեր մերօրյա բանաստեղծներն ու գրականագետները, հրապարակախոսներն ու արձակագիրները: 

Ջերմ մթնոլորտում նրանք ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, խոսում գրքի հրաշագործ դերի մասին:

 

Մայրենիի միջազգային օրը՝ դպրոցում


«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մեր տոնացույցում է մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ը:
Հայոց լեզուն հայ ժողովրդի գոյության խորհուրդն է, որով և պայմանավորված է մեր լեզվի նկատմամբ համազգային հոգածությունն ու անաղարտ պահելու պահանջը: Մայրենիի աղավաղումն ուղղակի իմաստով ոչնչացնում է ազգի կենսահյութը, որը կանխելու, մեր պետական լեզվի նկատմամբ պատշաճ վերաբերմունք դրսևորելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը դպրոցներին հանձնարարում, ինչպես նաև համակարգում է օրվա խորհրդով իրականացվող միջոցառումները: Դպրոցներն այդ օրը հյուրընկալում են մայրենիի մաքրության համար նախանձախնդիր մտավորականների:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դպրոցականները տոնը նշել են իրենց մայրենիով:

 

Փետրվարի 19-ը` կրկնակի տոն


Աշխույժ ոգևորություն էր տիրում Երևանի քաղաքապետարանում. գիրք նվիրելու օրվա առթիվ մայրաքաղաքի դպրոցների աշակերտները շնորհավորանքի ջերմ խոսքերով գրքեր նվիրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դպրոցականների համար անմոռանալի կմնա քաղաքապետի ընդունելությունը: Նրանք սիրով են պահելու քաղաքապետի նվիրած գրքերը: Դպրոցականներին ընդունեցին նաև քաղաքապետի տեղակալները: Անկաշկանդ մթնոլորտում դպրոցականներն անկեղծ զրույց ունեցան ավագների հետ:

 

 

Սուրբ Գրքի գիտելիքների վիկտորինա

 


Հոկտեմբերի 23-24-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության համագործակցությամբ անցկացվեց Սուրբ Գրքի գիտելիքների վիկտորինա: