ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ջրաղացները

Ջրաղացները

Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռևս Վանի թագավորության՝ Ուրարտուի ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վանից հարավ-արևելք) վրա գտնված 92 սմ տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների և առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաև մետաղե խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը, դրանով էլ՝ վերին կամ շարժական ջրաղացքարը: Հաճախ միևնույն առվի կամ գետակի վրա կառուցվել են տասնյակ ջրաղացներ, որոնք սպասարկել են շրջակա բնակավայրերը: Ջրաղացներում տեղադրվում էր նաև ձավար ծեծելու սարք (դինգ): 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական մարզում գոյություն ուներ 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երևանում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք. բաղկացած էին ջրաղացքարից, որը տեղադրված էր նույն մեծությամբ, բայց ավելի բարակ այլ անշարժ քարի վրա, ուղղաձիգ մի առանցքից, որը վերևում հատուկ հարմարանքով մտնում էր ջրաղացքարում փորված փոսիկը, իսկ ներքևի ծայրում կրում էր թևավոր անիվ: Ջուրը, մի քանի մետր բարձրությունից հարվածելով թևավոր անիվին, շարժում էր այն: Թևավոր անիվի շարժումը ուղղահայաց առանցքով հաղորդվում էր ջրաղացքարին և պտտում այն: Ջրաղացքարի շարժումը կանոնավորում էին փայտյա հատուկ լծակով, որը կապված էր պտտվող մեխանիզմին. այդ նույն արդյունքին կարելի էր հասնել նաև ջի հոսքն ավելացնելով կամ պակասեցնելով: Ջրաղացի շենքը մի խղճուկ հյուղակ էր: Ջրի անկման ուժին համեմատ ջրաղացքարերը լինում են մեծ կամ փոքր: Մեծ ջրաղացքար ունեցող ջրաղացները 24 ժամում կարող էին աղալ ավելի քան 30 փութ հացահատիկ: Ջրաղացներից 32-ը պատկանում էին քաղաքի բնակիչներին, իսկ մնացածները` սարդարին, մյուս խաներին և վանքերին: Սարդարական և խանապատկան ջրաղացները Հայկական մարզի կազմակերպումից հետո պետականացվեցին: Երևանում խանական շրջանում հայտնի էր հրազդանի վրա, կամրջից վերև գտնվող իննաչքանի «Դոխկուզ-Դայիրման» ջրաղացը, որը հետագայում էլ մնաց գործող ջրաղաց:
Դինգերով (սանդ, հավանգ) օրիզը վեր էին ածում բրնձի` մինչ այդ անցկացնելով նախ թեթև ջրաղացքար ունեցող ջրաղացով: Սրանք ևս առանձնապես բարդ չէին: Ի տարբերություն ալրաղացների, դինգերում, մինչ օրիզը սովորական բրնձի վերածելը երեք և ավելի գործընթաց էր անցնում: Լավորակ օրիզի ամեն մի խալվարից ¥30 փութ¤ ստացվում էր կես խալվար բրինձ: 1892թ. Երևանում շարք է մտել Ավետովի դինգը` բրինձ մաքրող ջրաղացը: 1910թ. Երևանում շահագործվել է Կիրիլ Սիլչենկոյի ալրաղացը, որն աշխատել է էլեկտրաէներգիայով: Երևանում 1829/1832թթ. եղել է 23 ջրաղացպան, 1851թ.` 15, 1879թ` 14: 1950-ական թվականներին էլեկտրական աղացների երևան գալուց հետո ջրաղացներն աստիճանաբար վերացան:
20-րդ դարի սկզբին Երևանի մեծահարուստ Հաջի Իրզան Հրազդանի ափին ունեցել է ջրաղացներ և ցանկացել է իր ջրաղացների տեղում կառուցել հիդրոէլեկտրակայան: Էջմիածնի (այժմ՝ Վաղարշապատ) սինոդի տվյալներով՝ 1901թ. Հրազդանի վրա իրենց պատկանող ջրաղացը բերել է 1000 ռուբլի շահույթ: Ի դեպ, այդ ջրաղացը կապալով (մեկ տարի ժամկետով) վերցրել է նաև Երևանի բնակիչ Իվան Պապաջանյանին:
Էջմիածնից եկած հոգևորականները կառավարել են Մայր աթոռի երևանյան կալվածքները՝ ջրաղացներ, այգիներ և այլն։ Երևանում մեծ ու փոքր բոլոր արհեստանոցները հիմնականում շուկայի (Ղանթարի) մոտակայքում էին։ Իսկ ջրաղացները հասկանալի պատճառներով գտնվում էին Հրազդանի և Գետառի ափերին:

 

***

 

1808թ. Երևանում Հրազդան գետի վրա եղել է ինը ջրաղաց: 1956թ. Կոշ գյուղում եղել է 5 ջրաղաց, Արթիկում` 7, Թալինում և Օշականում` 8-ական:
Ջրաղացի կառուցումը և շահագործումը թանկ էր: Այդ իսկ պատճառով դրանց տերերը հարուստներն էին: Քանի որ ջրաղացները եկամտաբեր էին՝ միջնադարում դրանք անցնում են խոշոր ավատատիրական կամ վանքապատկան տնտեսություններին: օրինակ, 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10-ը ջրաղաց: Որոշ դեպքերում, վանքերին տրամադրվել է ջրաղացի օգուտի մի մասը:
Ջրաղացների տերերը եկամուտ ստանալու լավ աղբյուր էին: Բացի այդ, ջրաղացպանները պարտավոր էին աղունավարձ վճարել՝ կախված ջրաղացի գտնվելու վայրից, ջրի ծավալից: Այդ մասին գրում են նաև Մխիթար Գոշը, Սմբատ Սպարապետը: Աղունավարձը կարելի էր տալ նաև բնամթերքով:
Ջրաղացներից գանձվում էին որոշակի հարկեր: Եղել են Տամղան և Դահեկը: Ենթադրելի է, որ գանձվող դահեկը եկամտի տասնորդը պետք է լինի: Հր.Աճառյանը բառը մեկնում է որպես «տասանորդ»: Ջրաղացից գանձվող երրորդ հարկը ,մահկանանե էր, մյուսը
Ջրաղացները տրվում էին նաև կապալով: Օրինակ, տերը կարող էր մի քանի օրով ջրաղացը վարձով տալ վանքին և փոխարենն ստացել պատարագի արարողություն: Ջրաղացները հաճախ գրավ են դրվել:

 

***

Ջրաղացքարի պտույտի արագությունը րոպեում 100-ից մինչև 200 էր: Ջրաղացը բաղկացած է մի քանի սենյակից: Մեծ սենյակում տեղադրվել են ջրաղացաքարերը, իսկ մյուս սենյակները ծառայել են ջրաղացպանին և հացահատիկը պահեստավորելու համար: Եղել է նաև բեռնակիր անասունների գոմ: Ջրաղացի լայնությունը 3-5մ է, իսկ ամենաշատ բարձրությունը` 3.2մ: Ջրաղացաքարերը տեղադրում էին իրարից 1.5մ, իսկ պատից մոտ 1մ հեռավորությամբ: Հնում ջրաղացները լուսավորվել են երդիկից, իսկ 19-րդ դարում՝ նաև էլէներգիայով: Ջրաղացի շենքը չի տաքացվել:
Օսմանյան կայսրությունը զավթած տարածքներում (1590թ.), որի մեջ մտնում էր նաև պատմական Հայաստանի արևելյան մասը, նախաձեռնեց հարկացուցակների` աշխարհագիր մատյանների հաշվառում: Կազմվել է 1590թ. Երևանի վիլայեթի հարկամատյանը, որի բաղկացուցիչն է եղել Երևանի նահիեն (գյուղախումբ): Երևանի գյուղերում եղել են նաև ջրաղացներ և ձիթհաններ :Գյուղերում ջրաղացները եղել են 44-ը, որից 11-ը չի աշխատել: Ամենաշատ ջրաղացներ եղել են Քանաքեռում, որտեղ 9 ջրաղացից միայն մեկը չի գործել: Նահիրեում կար նաև 4 ձիթհան, որոնք գտնվում էին գյուղերում: Դրանցից միայն երկուսն է գործել:
Երևանի նահիրեում ջրաղացների դիմաց գանձվել է 30 կամ 60 աքչե*: Ըստ Երևանի վիլայեթի մատյանների՝ յուրաքանչյուր ջրաղացի դիմաց ամսական սահմանվում էր գանձել 5 աքչե: Ըստ երևույթին, 30 կամ 60 աքչե գումարը պայմանավորված է եղել տարվա ընթացքում ջրաղացի լրիվ կամ թերբեռնված աշխատելու հնարավորությամբ: Երևանում ջրաղացները աշխատել են շուրջ տարին: Երևանում գոյություն ուներ 19 ջրաղաց, որից չի գործել միայն մեկը:
Ձիթհանների հարկադրույքը 60 աքչե էր:
*Աքչեն արծաթե դրամի միավոր է: Օսմաներեն նշանակում է «սպիտակավուն»: Օսմանյան աքչեները հավասար էին մեկ քառորդ դիրհեմ արծաթի: Դիրհեմը հավասար էր 3.06 գրամի:

 

Մի քանի տեղեկություն Մխիթար Գոշի «Դատաստանագրքում»
ջրաղացների վերաբերյալ

 

...Եվ եթե աղքատության պատճառով է ջրաղացը վաճառվել է՝ ապա մեկ տարի ետ գնելու փրկության իրավունք է կա նրա ազգականների համար: Իսկ այլազգիների ¥ոչ քրիստոնյանների¤ համար, նույն տարում վաճառքն հաստատվի:
գ Ջրաղացներ վարձելու մասին: Այսպիսի բաներ վարձով վերցնելիս` վկաների միջոցով հաստատուն անել: Շահ ստանալը վարձով տվողի համար առանց զեղչի լինի և շահի դիմաց չվճարի տուգանք: ԵՎ իր վրա լինի պակաս բաները պատրաստելը,եթե ոչ ապա այդ պակասների պատճառով եղած վնասները նույնպես վարձի գինը որոշելիս` տվողի վրա լինի,իսկ անպատրաստությունից եղած վնասները` վերցնողին լինի`քարի, նավի, երկաթի և այլ բաներում, նաև գողացվածները:
Իսկ այրվածը, եթե տիրոջ պատճառով լինի` վնասը նրանը լինի, իսկ եթե վարձով վերցնողի պատճառով է նրանը:
Ըստ այդմ դատաստան անել նաև նման այսպիսի հարցերում:

Ջրաղացպանների մասին

... Ջաղացպանները իրենց արհեստի մեջ փորձառու լինեն, երկյուղ ունենան, որ հանկարծ չլինի թե կերակուրը ապականեն: Այդպիսի վնասարարների դատաստանն այս է.«Լույսն աշխարհ եկավ, սակայն մարդիկ խավարը սիրեցին… »: Եվ նմանների ոչ միայն վարձը չպիտի լինի, այլ նաև պիտի տուժեն տված վնասի համար: Իսկ եթե պատճառը աղունի խոնավությունից լինի, ջաղացպանները անպարտ մնան, սակայն ջուր քաշած ալյուրի դիմաց վճարեն: Գողացվածի համար մեկին չորս վճարեն…: