ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

ՀՀ նախարարների խորհրդի 1919թ. մայիսի 16-ին հաստատած օրենքով Երևանում հիմնվեց համալսարան՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական բաժիններով:
1930թ. Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետըի հիման վրա կազմավորվեց բժշկական ինստիտուտ: 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծված արտասահմանցի ուսանողների բաժինը հետագայում ընդլայնվեց, սկսվեց նաև
օտարերկրացիների ընդունելությունը: 1989թ. բուհն անվանակոչվեց միջնադարի անվանի բժշկապետ Մխիթար Հերացու անունով, իսկ 1995թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստացավ համալսարանի կարգավիճակ:
Համալսարանում ուսուցումը կատարվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագրի։
Գործում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա։
ԵՊԲՀ ընդունվում են միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
Ֆակուլտետներն են՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության։ Գործում է նաև օտարերկրացիների ուսուցման դեկանատը:
Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցողը:
Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կուրսերում ընդունելության կանոններով սահմանված մրցութային կարգով ընդունված ուսանողներին տրվում է ուսման վճարի լրիվ փոխհատուցում` նպաստի ձևով: Համալսարանի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու նաև անվանական և հիմնադրամների սահմանած կրթաթոշակներ: Դրանց հավակնորդների մրցույթի համար սահմանվում են չափորոշիչներ:

 

Հետդիպլոմային ուսուցում

 

Հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության բաժնի հիման վրա 2011թ. հիմնադրվել է Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։ Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և դեղագետներ պատրաստելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված են մասնագիտացման հետևյալ ձևերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա և շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ):

 

Ինտերնատուրա


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները բազային կրթության ավարտից հետո ինքնուրույն աշխատանքի իրավունք ստանալու նպատակով, մասնագիտանում են ինտերնատուրայում: Ինտերնատուրայի տևողությունը 11 ամիս է և իրականացվում է «ընդհանուր գործունեության բժիշկ», «ստոմատոլոգ» և «դեղագետ» մասնագիտություններով՝ համաձայն համապատասխան ծրագրերի:
ԵՊԲՀ-ում ինտերնատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:
Ինտերնատուրա ընդունվելու կարգին և այլ տեղեկությունները` ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/faculties/210-intern-admission):

Կլինիկական օրդինատուրա


Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ-ի ամբիոններում, 1-4 տարի տևողությամբ, մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում համապատասխան ծրագրերով:
Երևանի Պետական Բժշկական Համալսարանում կլինիկական օրդինատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:
Մանրամասները` ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/faculties/202-clinical-residency):

 

Շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ)


ՇՄՈւ կատարելագործման գործընթացի կազմակերպումն իրականացվում և վերահսկվում է Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի կողմից՝ պարբերաբար և արտահերթ այցելություններով, դասալսումներով և այլ միջոցառումներով:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացներն իրականացվում են համապատասխան ամբիոնների և բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված, Համալսարանի ռեկտորի կողմից նախապես հաստատված ուսումնական ծրագրերով:
Դասընթացների ղեկավարներ են նշանակվում Համալսարանի ամբիոնների և կլինիկական հիվանդանոցների գիտական աստիճան ունեցող փորձառու մասնագետները:
Կատարելագործման ուսումնական ծրագրերը համապատասխան ամբիոնների կողմից վերանայվում են ոչ պակաս, քան 3 տարին մեկ` բժշկագիտության զարգացմանը համահունչ:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացների բազաներն են Համալսարանի համապատասխան անբիոնները, համալսարանական կլինիկական հիվանդանոցների կլինիկաները, համաբուժարաններն ու դեղատները:
Դասընթացները կազմակերպվում են վճարովի և անվճար հիմունքներով` ըստ համապատասխան լիազոր մարմնի պատվերների:
Կատարելագործման դասընթացների տևողությունը 1-3 ամիս է (120-360 ժամ):
ՇՄՈւ կատարելագործման դասընթացներին մասնակցող բժիշկը (դեղագետը) ՇՄՈւ ծրագրից կարող է ընտրել այն հարցերը, որոնք առավելագույնս համապատասխանում են իր մասնագիտական գործունեությանը` կազմելով ղեկավարի կողմից հաստատված անհատական պլան՝ համապատասխան ժամանակացույցով:
Բուժական հաստատությունում կատարելագործում անցնող բժիշկը մասնակցում է համայցերին, կլինիկական, ախտաբանա-անատոմիական, գիտագործնական կոնֆերանսներին, սեմինարներին, կոնսուլտացիաներին, կոնսիլիումներին, կարող է մասնակցել նաև ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին:
ՇՄՈւ կատարելագործման ծրագրի ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ամբիոնի կողմից անցկացվում են ուսուցման որակի անկախ գնահատումներ:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացների ծրագիրը լիովին կատարելուց և ուսուցման ժամկետը լրանալուց հետո բժիշկը (դեղագետը) բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժին է հանձնում փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
Ծրագրին մասնակցած բժիշկը (դեղագետը) կարող է հետագայում նույնպես մասնագիտական թղթակցություններ վարել Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ:
Գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնում իրականացվում են լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ` համալսարանի գերակա ուղղություններով։


ԵՊԲՀ գիտական միավորների ցանկը` ԵՊԲՀ պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/research-arm/156):
Գիտական կադրերի պատրաստում և որակավորում


Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդությամբ: Մանրամասները` http://www.ysmu.am/am/research-arm/120։

 

Մասնագիտական խորհուրդներ


ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական 6 խորհուրդները գործում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Սույն խորհուրդները բժշկական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ են շնորհում 22 մասնագիտություններով։

 

Օտարերկրյա քաղաքացիների համար


ԵՊԲՀ նախապատրաստական բաժնում կարող են ուսանել միայն արտերկրի քաղաքացիները, ուսման տևողությունը` 8 ամիս:
Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները դրական գնահատականով հանձնող ունկնդիրն ընդունվում է առաջին կուրս: Ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700 որոշմանը:

 

Դիպլոմային ուսուցում


Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է 3 ֆակուլտետներում` 1. ընդհանուր բժշկություն, 2. Ստոմատոլոգիա, 3. Դեղագիտություն: Առաջին կուրս ընդունվելու համար դիմորդը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնի ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

 

Հետդիպլոմային ուսուցում


Հետդիպլոմային ուսուցում կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:

  

Հասցե՝ Կորյունի 2, Երևան, 0025, Հայաստան
Էլ. փոստ՝ info@ysmu.am
Հեռախոս՝ (+374 10) 58 25 32
Ֆաքս՝ (+374 10) 58 25 32
Էլ. փոստ՝ press@ysmu.am