«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ում բացվել է նոր լաբորատորիա

28.03.2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը Ֆրանսիայի Օվերն – Ռոն – Ալպ շրջանային խորհրդի նախագահի Երևան այցի շրջանակում փոխնախագահ Ֆիլիպ Մոնիեի հետ այցելել են «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»: 
Հյուրերը շրջել և ծանոթացել են կենտրոնի պայմաններին և հնարավորություններին, որտեղ մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան: 
2022թ. Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով կողմերը գործուն աջակցություն պետք է ցուցաբերեն «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավմանը:
Հյուրերը մասնակցել են նաև Օվերն–Ռոն–Ալպ շրջանային խորհրդի աջակցությամբ կենտրոնում հիմնված նոր՝ հրուշակագործության լաբորատորիայի բացմանը: 
Կրթօջախի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է գործակցության կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ նոր որակի մասնագիտական կրթությունը կրթօջախի համար զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում:
«Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է վերահաստատում՝ սատարելու վարժարանի գործունեությանը։ Ուսումնական կենտրոնի նախագիծը Երևանի և Լիոնի միջև բարեկամության և առարկայական համագործակցության ամենավառ օրինակներից մեկն է, որի արդյունքում վերջին 20 տարում կրթվել է ավելի քան 3000 երիտասարդ: Վստահ եմ, որ հրուշակագործության լաբորատորիայի բացման հաջողված փորձը կիրառելով կարձանագրվեն նոր հաջողություններ, ու կընդլայնվի զարգացման հեռանկարը»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին