Կարմրուկ. հիվանդության դեմ պայքարի միակ, արդյունավետ միջոցը պատվաստումն է

20.03.2023

Հայաստանում կարմրուկի դեպքերն անհանգստացրել են քաղաքացիներին: Ի˚նչ տարածվածություն ունի, որքանո˚վ է վտանգավոր հիվանդությունն ու ինչպե˚ս պաշտպանվել: 
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: 
2007 թվականից ՀՀ-ը համարվում է կամրուկից զերծ, այսինքն՝ տեղային շրջանառություն չունեցող երկիր: 
«2007թ. երկրում կատարվեցին լայնածավալ պատվաստումներ՝ 6-28 տարեկան շուրջ 1 մլն մարդ: Եվ ընդհանուր առմաբ առնվազն երկու տարում 1.5 մլն բնակչություն պատվաստվեց: Սա ձևավորեց ընդհանրական իմունիտետ: Այս պահին թարմացված տվյալներով գրանցվել է 53 դեպք: Դրանցից 36-ը երեխաներ են՝ 3 ամսականից մինչև 16 տարեկան, 17-ը՝ մեծաասակներ: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Երևանում: Ներկա իրադրության առնչությամբ նշեմ, որ դա բերովի դեպքի հետ է կապված: Համաճարակաբանորեն մյուս դեպքերը կապված են այդ դեպքի հետ: Մենք այլ տարածում չենք ունեցել»,-ասում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: 
Գրանցված դեպքերի մեծ մասում արտերկրից եկած քաղաքացիները պատվաստված չեն եղել: Բուժաշխատող Նունե Վարդանյանը, ինֆեկցիոն հիվանդանոցից նոր է դուրս գրվել: Հարբուխ, ալերգիա. հիվանդության սկզբնական փուլում չի էլ կասկածել, որ կարմրուկ է. «Սկզբում բարձր ջերմում էին, հետո ավելացավ հազն ու նաև ցանավորումը»:
«Նախանշանները տևում են 6-7 օր, որից հետո ցանավորումն է, որը սկսում է գլխից, ականջների ետևից և աստիճանաբար տարածվում է ամբողջ մարմնով: Ցանի բնույթը տիպիկ է, ավելի խստացած միաձուլվող բնույթի է: Թոքաբորբ, գլխուղեղի բորբոքում, ընդհուպ մինչև կուրություն. սրանք կարմրուկի հնարավոր բարդություններն են»,- նշում է ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը:
Կարմրուկի կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որն առաջին անգամ ներկայացվել է դեռևս 1963թ.: Մեր երկրում պլանային պատվաստումն իրականացվում է 1 և 6 տարեկանում, մյուս տարիքային խմբերի համար կամավոր է: Պատվաստումներն իրականացվում են համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում:
«Մարտի 3-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին ևս հերթապահություն է սահմանվել:  Կատարվել է ավելի քան 2600 պատվաստում: Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանում ևս  պատվաստումներ արեցինք: Սա կրելու է շարունակական բնույթ, և իրազեկելու ենք մեր ողջ բնակչությանը, քանի որ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդության  դեպքում» ,-նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը:
«Կարմրուկի դեմ պատվաստանյութերը երեխաները ստանում են ԿԿԽ տեսքով՝ եռապատվաստանյութ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: ՀՀ ազգային օրացույցի համաձայն՝ երեխաներն ստանում են 1 տարեկանում և պլանավորվում է հաջորդ դեղաչափը 4-6 տարեկան հասակում: Պատվաստանյութը բելգիական է, ստանում են 0.5 մլ դեղաչափով»,-մանրամասնում է Երևանի հ. 17 պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրեն Անահիտ Պիվազյանը:
Կարմրուկի դեմ պատվաստումն արվում է նաև Ամիրյան 2 հասցեում՝ առողջապահության նախարարության տեղակայած շարժական կետում:
Պատվաստումից հետո բժիշկները խորհուրդ են տալիս լինել ուշադիր՝ ջերմելու կամ փոքր ցանի դեպքում, սակայն մինչ օրս հատուկ բարդություններ չեն գրանցվել:   Ու թեև երեխաների շրջանում նույնիսկ վարակվելիս հիվանդությունն  ավելի թեթև է ընթանում, նրանք կարող են վարակել ռիսկային խմբերին՝ մինչև մեկ տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդներին ու հղիներին: 
Ռիսկերից խուսափելու համար այս օրերին Երևանի հիմնական դպրոցներում ջերմաչափում ու զննում է կատարվում: 
«Կատարում ենք դիտարկում՝ ստուգում ենք երեխաների ջերմությունը, բացականերին: Եթե ջերմաչափում ենք, ու երեխան ջերմում է, ապա ուղարկում ենք պոլիկլինիկա ՝ ծնողի ուղեկցությամբ»,-նշում է Երևանի հ. 8 հիմնական դպրոցի բույժքույր Աննա Յավրոյանը: 
Որոշ ծնողներ երբեմն հրաժարվում են պատվաստումներից: Մինչդեռ կարմրուկի դեմ պաստվաստումը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ՝ հանրային առողջության համար, որպեսզի երկիրն մնա անվտանգ: 
 «Այն երեխաները, որոնք ունեն 2 դեղաչափ, առնվազն, իրենք 95%-ով և ավելի ապահովված են վտանգից:  Ես այս համակարգում աշխատում եմ 30 և ավելի տարիներ, համոզված եմ, որ պատվաստումները կյանքեր են փրկում»: 
 

Տեսանյութ

Կարմրուկ. հիվանդության դեմ պայքարի միակ, արդյունավետ միջոցը պատվաստումն է