ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մետրոպոլիտեն

Մետրոպոլիտեն

Հարգելի բարեկամ,

ուրախ ենք Ձեզ ողջունելու Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին նվիրված բաժնում:
Ամեն քաղաք չէ, որ կարող է հպարտանալ մետրոպոլիտեն ունենալով, առավել ևս` մեր մետրոպոլիտենի նման հոյակերտ կառույցով: Այն նաև տնտեսական առումով կարևորագույն արժեք է, որը պետք է պահպանել, նաև զարգացնել և փոխանցել սերունդներին: Հպարտ ենք, որ մեր մետրոպոլիտենն անցած տարիների ընթացքում երբեք չի դադարեցրել իր ծառայությունը ուղևորներին` անգամ անցած դարի 90-ականների ցուրտ ու մութ տարիներին:
Հպարտությամբ կարող ենք փաստել, որ մեր մետրոն աշխարհի ամենամաքուրների շարքում է: Հպարտ ենք նաև մեր նվիրյալ կոլեկտիվով, որի անդամներից շատերը մետրոյի հետ են կառուցման ու շահագործման օրվանից:
Անցած տարիները, սակայն, աշխատանքային փորձի հետ մեկտեղ բերեցին նաև մի շարք խնդիրներ:

 

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն


Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։
2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։


Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի սկիզբը


Գաղտնիք չէ, որ մետրո ունենալը, պահպանելը, առավել ևս` մետրո կառուցելը թանկ գործընթաց է ամբողջ աշխարհում: Մեկ կիլոմետրի արժեքն է 120 -160 մլն ԱՄՆ դոլար: Մի պահ պատկերացնենք. եթե մենք մետրո չունենայինք և նորը ցանկանայինք կառուցել… Դժվար չէ հաշվելը, որ այսօրվա մեր 12 կիլոմետրանոց մետրոյի արժեքը կկազմի, ամենահամեստ հաշվարկներով, շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ գումարի գրեթե կեսը բաժին է ընկնում հիմնարար շինարարությանը, իսկ մյուս կեսը, այսինքն` շուրջ 750 մլն դոլարը, ենթակառուցվածքներն են, ներառյալ գծային տնտեսությունը, գնացքները, շարժասանդուղքները, սարքավորումները, դեպոն, կառավար¬ման համակարգերը և այլն: Հենց այս բաղադրիչն է, որ մշտական խնամք և ներդրում է պահանջում: Սակայն, բոլորիս հայտնի պատճառներով, տարիներ շարունակ այդ ներդրումները չեն կատարվել, և այդ մեծածավալ տնտեսությունը ժամանակի հետ աստիճանաբար իր ռեսուրսը սպառել էր գրեթե բոլոր բաղադրիչների առումով, մաշվել և անմխիթար վիճակում էր հայտնվել: Այդ ամենը հանգեցրեց այն բանին, որ 2008 թվականի սկզբին մենք հայտնվեցինք այն փաստի առաջ, որ մետրոպոլիտենի հետագա անվտանգ շահագործումը կարող էր կասկածի տակ դրվել: Բարեբախտաբար, օգնությունը հասավ ճիշտ ժամանակին. այն պայմանավորվեց ներկայիս նախագահ, այն ժամանակ վարչապետ պարոն Սերժ Սարգսյանի մետրոպոլիտեն այցով: Ծանոթանալով իրավիճակին և իրատեսորեն գնահատելով առկա պայմանները` նա անցկացրեց խորհրդակցություն, որից հետո ծնվեց հնգամյա ներդրումային ծրագրի պլան, որի նպատակն էր մետրոպոլիտենը դուրս բերել ճգնաժամից, իսկ եթե ավելի անկեղծ ասենք` առաջին անգամ համակարգը փլուզումից փրկելու իրական կամք դրսևորվեց: Խորհրդակցությանը շատ կարճ ժամանակահատվածում հաջորդեց կառավարության համապատասխան որոշումը, որով ամրագրվեցին հատկացվող ներդրումների ծավալները և ուղղություններն ըստ տարիների: Աննկարագրելի ոգևորություն էր տիրել ամբողջ կոլեկտիվում, և մենք ձեռնամուխ եղանք այդքան սպասված, տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծմանը: Հենց նույն 2008թ. կատարվեցին մի շարք կարևորագույն աշխատանքներ` կայարանների նորացում, ավտոմատ անցակետերի ներդրում, վագոնների անմխիթար ներքին կահավորանքի բարելավում և այլն: Ցավոք սրտի, ուրախությունը երկար չտևեց. 2009թ. վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով հատկացումներն զգալիորեն նվազեցին: Կրկին ծառացավ մետրոպոլիտենի հսկայական հնամաշ տնտեսությունը, առանց հիմնանորոգմանն ուղղված ներդրումների, պահելու խնդիրը: Տրամադրվող սուբսիդիան հազիվ էր բավականացնում միայն ուղղակի շահագործմանն առնչվող ծախսերի ապահովմանը, ասել է թե` աշխատավարձ, թանկացած էլեկտրաէներգիա և այլ` անհետաձգելի առօրյա ծախսեր: Հետաձգվում էին միայն վաղուց կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ընդհանուր խնդիրները: Ինչպես նշվեց, նմանատիպ մի ժամանակակից կառույց կպահանջեր մոտ 1.5 մլրդ ներդրում, որի կեսը հենց ենթակառուցվածքներն են: Հենց այս բաղադրիչի վերականգնմանն էր ուղղված 2010թ. մարտի 10-ին շուրջ 2 տարի տևած բանակցությունների և մանրամասն իրագործելիության ուսումնասիրո¬թյան շնորհիվ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիրը: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին 2010թ. օգոստոսին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության Հարևանության աջակցության ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրի ներդրումն է 5 մլն եվրո, երկուսը` վարկի, իսկ մեկը` դրամաշնորհի ձևով:

 

Ի՞նչ ուղղություններով են կատարվել ներդրումները

 

Հաշվի առնելով տարիներ շարունակ ներդրումների բացակայության պատճառով կուտակված հիմնարար բնույթի վերանորոգման աշխատանքների հսկայական ծավալը`
- վագոնների ծայրահեղ հնամաշ սայլակների փոխարինում և հիմնանորոգում,
- թունելային հատվածում ամբողջովին քայքայված բարձրավոլտ մալուխային համակարգի նորացում,
- թունելներում շուրջօրյա գործող ջրահեռացման համակարգի արդիականացում,
- ծայրահեղ հնամաշ գծային տնտեսության վերականգնում։

 

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
I փուլ


Ծրագրի I փուլում նախատեսված բարեփոխումներն ամբողջովին ավարտված են, որի արդյունքներն ակնհայտ են.
- գրեթե 66%-ով լուծվել է վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների փոխարինման խնդիրը` նոր և ժամանակակից սայլակներով,
- թունելային հատվածում խոնավ պայմաններում երկարամյա շահագործման հետևանքով քայքայված մալուխները փոխարինվել են ժամանակակից և ջրադիմացկուն մալուխներով` ապահովելով թունելներում միջկայարանային բարձրավոլտ միջակապերի հուսալի աշխատանքը,
- շուրջօրյա ջրահեռացման համակարգի պոմպակայանների սարքավորումների մաշվածության և էլեկտրամատակարարման համակարգի քայքայման ու անհուսալի աշխատանքի պատճառով պոմպակայանները չէին ապահովում ջրահեռացումը պահանջվող ծավալներով. այս առումով ամբողջովին նորացվել են բոլոր պոմպակայանները և էլեկտրամատակարարման համակարգի մոտ 60%-ը,
- ծրագրի I փուլով գծային տնտեսության ամենահրատապ խնդիրների կեսից ավելին լուծվել է։
Հարկ կա նշելու, որ ծրագիրը պատկանում է այն սակավաթիվ ներդրումային գործընթացներին, որտեղ կատարված գնումների շնորհիվ կան զգալի ֆինանսական տնտեսումներ` ընդհանուր ծավալի շուրջ 20 %-ի չափով, որն ամբողջությամբ ուղղվել է շարժակազմերի արդիականացմանը, և այդ տնտեսման հաշվին վերանորոգվել և նորացվել է 10 վագոն, որոնք զգալիորեն բարելավել են ուղևորների սպասարկման որակը և մեքենավարների աշխատանքային պայմանները:

 


Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
II փուլ


Ծրագրի I փուլի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ II փուլը:
Ծրագրի II փուլը շարունակեց լուծել մետրոպոլիտենում տարիներ շարունակ
կուտակված հրատապ խնդիրները, որոնք են.
- մետրոյի ևս 8 վագոնների հիմնանորոգում և արդիականացացում (ավարտված է),
- հրշեջ սարքավորումների մատակարարում (ավարտված է),
- մետրոյի մեքենավարների համար տրենաժորային (ուսումնավարժական) համակարգի նախագծում, մատակարարում և մոնտաժում (ավարտված է),
- մետրոյի վագոնների լվացման սարքավորումների նախագծում, մատակարարում ու մոնտաժում (ավարտված է, ներկայումս շա¬հա¬գործ¬ման հանձնված ավտոմատ լվացման կետը հաջողությամբ իրականացնում է հաստատված ժամանակացույցի համապատասխան շարժակազմերի լվացումը),
- «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելների վերականգնողական աշխատանքները». սա II փուլի ամենակարևոր և ամենածավալուն բաղադրիչն է` առկա դրենաժային թունելի 1998 թ.-ից ի վեր անավարտ շինարարությունը ավարտին հասցնելը, այն երկարաձգելով ևս 1 կմ` «Զորավար Անդրանիկ» կայարանից մինչև «Հանրապետության հրապարակ» կայարան ընկած ջրառատ հատ¬վածի ջրահեռացումն ապահովելու նպատակով (աշխատանքներն ընթացքում են)։
Նշված բաղադրիչի իրականացման նպատակն է մետրոյի վազորդային թունելների ջրառատ հատվածում իջեցնել ստորգետնյա ջրերի մակարդակը և ներթափանցող ջրերը կառուցված թունելով ուղղորդել դեպի Հրազդան գետ և թունելներում աշխատող սարքավորումներն ազատել այդ ջրերի քայքայիչ ներգործությունից։
Ծրագրի II փուլով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին հնարավորություն է ընձեռվել արդիականացնելու մետրոպոլիտենի ևս 6 վագոն՝ ծրագրի սկզբից նորացված վագոնների ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Այս գործընթացը կշարունակվի մինչև վերջին վագոնի արդիականացումը։

 

Ծրագիրը՝ տարածաշրջանում

 

Հարկ կա նշելու նաև, որ 2012թ. մայիսի 19-ին կայացած Վերակառուցման և զարգացման բանկի տարեկան գագաթաժողովում Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը քննարկելու ժամանակ այն համարվել է տարածաշրջանում լավագույն ծրագրերից մեկը` բոլոր չափանիշներով, նույնը շեշտվել է 2013թ. օգոստոսի 3-ին Երևանի քաղաքապետի գրասենյակում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական պատվիրակության, քաղաքապետի և ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպման ժամանակ, ինչպես նաև Եվրամիության գրասենյակում 2013թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

 

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
III փուլ

 

Ծրագրի I և II փուլերում լուծված խնդիրներից բացի մետրոպոլիտենում դեռևս առկա են հրատապ մի շարք հիմնախնդիրներ`
- շարժասանդուղքների հիմնանորոգում` 14 միավոր,
- մետրոպոլիտենի թունելների գլխավոր օդափոխման համակարգ` 12 հզոր օդափոխիչներ,
- վագոնների արդիականացում` 21 հատ,
- էլեկտրահավաքակայանի արտադրական, գնացքների գիշերակացի և ընդլայնված հատվածի` 7500 քառ.մ մակերեսով, տանիքի վերանորոգում,
- գծային տնտեսության մնացած շուրջ 40%-ի առողջացում,
- կայարաններում և ստորգետնյա բոլոր աշխատատեղերում մետաղական կրող կոնստրուկցիաների առողջացում,
- ազդանշանային կենտրոնացման, բլոկավորման և կարգավարական համակարգերի արդիականացում` ժամանակակից համակարգերի և սարքավորումների ներդմամբ,
- երեք նոր տնտեսական գնացքի և երկու կցորդահարթակի ձեռքբերում,
- քաղաքային ենթակայաններից մետրոպոլիտենը սնող բարձրավոլտ մալուխների նորացում` ժամանակակից բարձրորակ մալուխներով,
- վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների ավելի քան 33 %-ի փոխարինումը նոր և ժամանակակից անվասայլակներով։
Ներկայումս վերը նշված հիմնախնդիրների լուծման հնարավորությունը պայմանավորված է ծրագրի III փուլի վարկային պայմանագրի ստորագրման և ֆինանսավորման գործընթացներով։
Առաջիկա տարիներին մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների ծավալի պահպանման և աճ ապահովելու համար անհրաժեշտ է ծրագրի III փուլով նախատեսված հիմնախնդիրները լուծել։ Գործող գծի ընդլայնումը նոր կայարաններով էլ ավելի կավելացնի ուղևորահոսքը և կբարձրացնի մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում:

Լուսանկարներ