Արցախում մեկնարկել են Երևանի օրերը

01.09.2019

«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում:
***
Ստեղծագործական ու ծրագրային առումով երևանյան օրերի միջոցառումները հագեցած են:
Կեսօրին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ հնչել են սպարապետի սիրած երգերը: Համերգի ընթացքում ներկայացվել է նաև «Վազգեն Սարգսյան 60» վավերագրական ֆիլմը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Սպարապետը մինչև այսօր իր ապրածով, իր հերոսություններով և իր պետական մեծ աշխատանքով ոգևորում է մեզ բոլորիս: Մենք ընդմիշտ մնում ենք զինվորներ և, Աստված մի' արասցե մի փոքր խնդրի ժամանակ վերցնում ենք զենքն ու կանգնում ենք մեր հայրենիքի համար»:
Բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով:
Երևանի քաղաքապետը շրջել է նաև զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին:

***
Երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան): Ծրագրի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Հայ դասական պոեզիան՝ Մանսուրայանի երաժշտության մեջ», «Իսահակյան - Չարենց» խմբերգային ստեղծագործությունները:

Տեսանյութ

Արցախում մեկնարկել են Երևանի օրերը