Հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել շինթույլտվությունների տրամադրման գործընթացը

26.05.2014

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում գնումների գործընթացի, ինչպես նաև համապատասխան մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետների և որակի նկատմամբ: Գնումների վարչության պետը զեկուցել է նաև, որ Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացման նպատակով հայտարարվող մրցույթների 95 տոկոսն արդեն իսկ կայացել է: Մրցույթների արդյունքում կատարվել են նաև որոշակի տնտեսումներ: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ, իսկ թերացումների հայտնաբերման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: 

Մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս մասով կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար ստուգայցեր կազմակերպել:
Անդրադառնալով Երևանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև պետական կառույցների կողմից պարտադիր կանոնների պահպանման և հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները: Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հանգստյան և տոն օրերին տվյալ աշխատանքների կազմակերպումը չի գոհացնում և հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:
Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհին հարակից տարածքների կանաչապատման մասով զեկուցվել է, որ այստեղ ավարտվել են ճմապատման, ծառատունկի և ծաղկապատման աշխատանքները: Շինարարների կողմից նախօրեին բարեկարգումն ավարտված շուրջ 1000 քմ տարածքում էլ կանաչապատման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում՝ 12 վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է կենտրոնացնել ուժերը՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու և ճանապարհի շահագործմանը նախապատրաստվելու համար:

Անդրադառնալով ուրբաթ օրը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Հանրապետական հիվանդանոցի տարածքում ծառերի հատման մասին սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը՝ նախ զեկուցվել է, որ կտրված 13 ծառերը գտնվել են սեփականություն հանդիսացող տարածքում: Նշվել է նաև, որ սեփականատիրոջ ներկայացուցիչը տեղի ունեցածը ներկայացրել է որպես ծառերի երիտասարդացում, ինչը, սակայն, բնապահպանները գնահատել են սահմանված չափորոշիչներին ոչ համապատասխան գործողություն: Զեկուցվել է նաև, որ հարցի հետ կապված գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան գրություններ ներկայացնել նաև Երևան քաղաքի դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ ընդգծելով, որ սեփականատեր լինելը դեռևս չի ազատում ծառահատման համար պատասխանատվություն կրելուց:

«Եթե գործող օրենքում որոշակի բաց կա քաղաքապետարանի կողմից սեփականություն հանդիսացող տարածքում ծառահատման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է ձեռքներս ծալած նստենք: Նախ որևէ սեփականատեր, այսպես թե այնպես, իրավունք չունի առանց համապատասխան մասնագետների եզրակացության ծառերի խոր էտ, երիտասարդացում կատարելու, էլ չենք խոսում այն մասին, որ առանց համապատասխան թույլտվության հատում իրականացնի: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Համապատասխան գրություններ ուղարկեիք Երևան քաղաքի դատախազությանը և ոստիկանությանը: Բազմիցս հայտարարել եմ, որ ծառահատման դեպքերով որևէ մեկին ներում չի լինելու և ցանկացած ոք, ով կկատարի նման արարք, պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Մենք ամեն տարի ծառատունկեր ենք կազմակերպում՝ նպատակ ունենալով վերականգնել երբեմնի կանաչ տարածքները, զուգահեռ նաև ձևավորելով նոր ծառապատ տարածքներ, իսկ ոմանք իրենց իրավունք են վերապահում անօրինական ծառահատում իրականացնել: Սա անհանդուրժելի է, և ձեզանից պահանջում եմ նման դեպքերում լինել կոշտ և սկզբունքային: Որևէ մեկն իրավունք չունի ծառ կտրելու և վերջ: Եվ ընդհանրապես, եթե սեփականություն հանդիսացող տարածքներում կան կանաչ գոտիներ, առավել ևս՝ ծառեր, ապա այդտեղ շինաշխատանքների իրականացման թույլտվություն չպետք է տրամադրվի: Սա մեզ համար սկզբունքային է, ինչի արդյունքն է նաև այն, որ այսօր ունենք նաև սեփականության իրավունքով տրամադրված հողատարածքներ, որոնցում, սակայն, հստակ նշված է, որ սեփականատերն այդ տարածքներում կառուցապատում իրականացնելու իրավունք չունի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ խստորեն հանձնարարելով շինթույլտվությունների տրամադրման հարցում լինել խիստ հետևողական և նախքան դրանց տրամադրումը լինել տեղում և համոզվել, որ տվյալ տարածքները ծառապատված չեն:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելու գործընթացը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, նախկինում արձանագրված 14 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ապամոնտաժվել է նաև նախկինում տեղադրված և չգործող 24 կրպակ: Քաղաքապետը հանձարարել է շարունակել աշխատանքները՝ դրանք պահելով մշտական հսկողության տակ:

Հյուսիսային պողոտայի հետիոտնային հատվածի վերակառուցման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ընթացքը վերջին ժամանակահատվածում դանդաղել է, ինչը հարուցել է քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է հրավիրել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներին և խստորեն պահանջել, որպեսզի աշխատանքները տարվեն առավել կանոնակարգված և տարածքը հատվածաբար հանձնվի շահագործման:

Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող շենք-շինությունների գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա 1 ամսում ամբողջությամբ ավարտել գործընթացն ու պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ դրանք 2015 թվականի բյուջեում ընդգրկելու համար:
«Երևանյան ամառ» ծրագրի հետ կապված՝ քաղաքապետին է ներկայացվել նախատեսված միջոցառումների ամփոփ ծրագիրը: Նշվել է նաև, որ կազմվել և տպագրվել է միջոցառումների ծրագրի տեղեկատվական թերթիկը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքում նոր առաջարկներ լինելու դեպքում դրանք ևս քննարկել և ներառել միջոցառումների ցանկում:

Զեկուցվել է նաև, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ: Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոները: Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն «Հաղթանակ» զբոսայգում: Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ առավոտյան ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում նաև զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ քաղաքների միջև համագործակցության հաստատման և ընդլայնման շրջանակում նախորդ շաբաթ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել է Արցախ: Այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրվել Մարտունու շրջանի հետ: Զեկուցվել է նաև, որ մայիսի 27-ին ԼՂՀ կայցելի նաև Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը ՀՀ մարզերի հետ և հանդես գալ համատեղ ծրագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել շինթույլտվությունների տրամադրման գործընթացը