Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել «Մեկ պատուհանով» ստացվող գրությունների պատասխանների տրամադրման նկատմամբ

09.06.2014

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդացության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում քաղաքացիների և պետական կառույցների կողմից քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման նկատմամբ: Ամփոփելով մայիս ամսվա տվյալները՝ նշվել է, որ մուտքագրված 11.557 գրությունից սահմանված ներքին չափորոշիչներով ուշացումով է պատասխանվել 11 գրության: Միաժամանակ նշվել է, որ ուշացումները չեն խախտել օրենքով սահմանված ժամկետները, ինչը սակայն նույնպես անընդունելի է դիտվել քաղաքապետի կողմից, և հանձնարարվել է գործընթացի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն՝ բացառելով սահմանված կարգի խախտման որևէ դեպք:

«Ինձ համար պարզապես անընդունելի է, երբ մեր գործընկերները նշում են, թե ժամանակին մեկ ամսվա կտրվածքով շուրջ 1000 գրության պատասխան է ուշացվել, մինչդեռ այսօր այդ թիվը անհամեմատ ցածր է: Այսինքն, ոմանց համար սա դիտարկվում է որպես ձեռքբերում, ինչը, սակայն, ընդամենը աշխատանքը պատշաճ կատարել է նշանակում, այլ ոչ թե ձեռքբերում: Մեզ համար իրական ձեռքբերում կլինի այն, որ կարողանանք սահմանվածից ավելին անել, ոչ թե մեր պարտականությունը կատարենք ու համարենք, որ ձեռքբերում ունենք: Իսկ ինչ վերաբերում է գրությունների պատասխաններին, ապա անգամ մեկ գրության պատասխանի ուշացումը մեզ համար ընդունելի չէ և որևէ արդարացում չի կարող լինել դրան: Այդ թիվը պետք է լինի զրո և վերջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և հանձնարարել պատասխանատուներին ձեռնարկել համապատասխան միջոցներ, ինչպես նախորդ ամիսների դեպքում, հետագայում ևս բացառել գրության պատասխանի որևէ ուշացում:
Անդրադառնալով քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպված ընդունելությունների արդյունքներին՝ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ ընդունելություններին մասնակցել է 710 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ: Պատահական ընտրությամբ նաև հետադարձ կապ է հաստատվել քաղաքացիների հետ՝ ճշտելու, թե որքանով են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և արդյոք ներկայացված հարցերը լուծվել են սահմանված ժամկետում, որոնց մասով ևս ստացվել են դրական արձագանքներ:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված էլ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 167 և 97 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, որոշ հարցեր էլ գտնվում են կատարման ընթացքի մեջ:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 800 հազար ծաղկասածիլ: Ամբողջությամբ գործարկված են նաև ոռոգման համակարգերը: Ոռոգման ցանցի ընդլայնման շրջանակում իրականացվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ համակարգի նոր կառուցված հատվածները հընթացս փորձարկվում և հանձնվում են շահագործման: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է անմիջական հսկողություն սահմանել կանաչապատման աշխատանքների նկատմամբ՝ կարճ ժամանակահատվածում ապահովելով ցանկալի արդյունք:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ բարեկարգման և կանաչապատման աշխատանքներն ավարտված են: Այժմ ընթացքի մեջ են գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ տեղադրվել են լրացուցիչ արգելապատնեշներ: Զուգահեռ իրականացվում են նախագծային աշխատանքներ՝ խնդրի վերջնական լուծման նպատակով:
Անդրադառնալով վարչական բոլոր շրջաններում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 45 հազարը քմ-ն՝ բակային տարածքներում:

Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի և հետիոտնային վերգետնյա անցումի կառուցման հետ կապված զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Պատրաստ են նաև նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում սկսել շինարարական բուն աշխատանքները:
Հեղեղատար համակարգերի մաքրման ընթացքի մասով զեկուցվել է, որ ծրագրային աշխատանքներին զուգահեռ, տեղումներով պայմանավորված, ձեռնարկվել են նաև լրացուցիչ միջոցառումներ, ինչի արդյունքում աղբի կուտակման դեպքեր չեն արձանագրվել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Նանսենի անվան նորակառույց թանգարանի հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:
Մայրաքաղաքում առկա շատրվանների և ցայտաղբյուրների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ հանձնարարվել է դրանց շահագործումը պահել մշտական հսկողության տակ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ընթացող ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ պարբերաբար կազմակերպվող ստուգայցերի միջոցով վարչության աշխատակիցները տեղերում ծանոթանում են քննությունների ընթացքին: Մինչ օրս որևէ բողոք չի գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ հսկողությունը և պարբերաբար զեկուցել այդ մասին:
Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ է մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում բոլոր երեխաներին գրենական պիտույքների և պայուսակների տրամադրման գործընթացը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար ուսումնասիրել և վերահսկել քաղաքապետարանի ենթակայության համաբուժարանների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցվել է, որ այս տարի այդ նպատակով նախատեսված 5 ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կմեկնի 1175 երեխա: Նշենք, որ նախորդ տարի ՀՀ կառավարության նույն ծրագրով հանգստանալու էին մեկնել երևանաբնակ 850 երեխաներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների համար ստեղծված պայմաններին:

Խորհրդակցության շրջանակում նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել «Մեկ պատուհանով» ստացվող գրությունների պատասխանների տրամադրման նկատմամբ