Հանձնարարվել է խստորեն վերահսկել սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման ու բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

22.04.2014

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ռեսուրսների աջակցությամբ: Իսկ պարտավորությունները չկատարողների մասով էլ զեկուցվել է, որ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ և համապատասխան քայլեր ձեռնարկել այն սեփականատերերի և վարձակալների նկատմամբ, ովքեր խուսափում եմ կարգի բերել իրենց տիրապետման ներքո գտնվող տարածքները:
«Սեփականատեր, թե վարձակալ՝ պարտավոր է սեփական ուժերով կազմակերպել իրեն պատկանող տարածքի մաքրման և պատշաճ տեսքի բերման աշխատանքները: Եվ այդ տեսանկյունից ուղղակի անհասկանալի և անընդունելի է, թե ինչու պետք է սեփականատիրոջ կամ վարձակալի փոխարեն համայնքի համապատասխան կազմակերպություններն իրենց տեխնիկայով կազմակերպեն տվյալ տարածքներն աղբից մաքրելու աշխատանքները: Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրես ու գնահատես Երևանը, ինչպես անում են ոմանք, այլ գործով պետք է ապացուցես, որ Երևանը նաև քո՛ մեծ տունն է ու համապատասխան վերաբերմունքով ցույց տաս դա: Ըստ այդմ, մեր մոտեցումներն ու քայլերն էլ նման տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն շատ խիստ և կոշտ: Դրա համար ձեռնարկեք օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը և գործընթացը պահեք մշտական խիստ հսկողության տակ: Վարձակալների դեպքում էլ նախաձեռնեք պայմանագրերի վերանայման քայլեր և անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և պուրակների, ինչպես նաև բակային տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքները: Նշելով, որ տարվող աշխատանքները դեռևս գոհացուցիչ չեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին՝ անձամբ լինել տեղերում և վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը:
«Եթե թեկուզ մեկ քաղաքացու չի բավարարում կատարվող աշխատանքի արդյունքը, ապա անձամբ այցելեք մատնանշված տարածք և պարզեք, թե որն է խնդիրը: Ու եթե տեղում համոզվեք, որ մատնանշված թերացումն առկա է, ապա հանձնարարեք անհապաղ վերացնել այն: Բայցև դրանով էլ պետք չէ սահմանափակվել: Հենց հաջորդ օրը այցելեք նույն տարածքներ և պարզեք, թե ինչ է արվել ձեր հանձնարարականից հետո: Բացի այդ, փորձեք ավելի հաճախակի լինել ձեր վարչական շրջանների բոլոր տարածքներում ու տեղերում համոզվեք արդյոք բավարա՞ր է կատարվող աշխատանքը: Վստահ եմ, որ նման կերպ ձեր աշխատանքի արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների, մասնավորապես շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերի լվացման նկատմամբ: Խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև շինհրապարակների սահմանազատող պարսպապատնեշների պաստառների թարմացման և փոխարինման ուղղությամբ:

Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառված Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների խնդրին:
«Դեռևս 2008 թվականի տարեսկզբին այդ շենքում բնակվող ընտանիքներին առաջարկվել են բնակարաններ: Սակայն բնակիչները հրաժարվել են նոր բնակարաններից՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բնակարանների կառուցվածքն իրենց չի բավարարում և այդ պատճառով այն ժամանակ վերաբնակեցման գործընթացը կասեցվել է: Բայց մենք նորից պատրաստ ենք քննարկելու տվյալ շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը, հատկապես, որ այս տարի մեր կողմից արդեն նախաձեռնվել է 4 բազմաբնակարան շենքերի կառուցում՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների տեղափոխման և նոր բնակարաններով ապահովման նպատակով: Այդ շենքերը շահագործման կհանձնենք 2015 թվականին և դրանով կլուծենք շուրջ 500 ընտանիքի բնակարանային հարց»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է պատասխանատուներին համապատասխան հանձնաժողովի աշխատանքների շրջանակում կազմակերպել նաև Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում և քննարկել հարցը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն ու զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից իրականացվող գնման գործընթացի կազմակերպման համապատասխանությունը գնումների մասին օրենքին և կնքված պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ սահմանված հսկողության մասով՝ գնումների վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել և հրապարակվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 429 կազմակերպությունների գնումների ծրագրերը, որոնց շրջանակում մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսվել է ավելի քան 1 մլրդ դրամ:
Զեկուցվել է, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռնարկվել և ավարտին են մոտենում նախապատրաստական, այդ թվում այգու տարածքի բարեկարգման աշխատանքները:
«Մեր համաքաղաքացիները կենդանաբանական այգի այցելելիս հենց մուտքից պետք է զգան այն փոփոխությունները, որոնք կատարվել են տեղում զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հանձնարարվել է խստորեն վերահսկել սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման ու բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը