Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման

18.01.2021

Հունվարի 11-ից դպրոցներն ու մանկապարտեզները վերսկսեցին կրթական գործընթացը: Ծնողներին հուզող առաջին հարցը՝ տա՞ք են, արդյոք, դասարաններն ու սենյակները: 

Անկախ նրանից, թե դրսում ինչ ջերմաստիճան է, կրթօջախներում ջերմաչափը 18°-ից բարձր պետք է ցույց տա: Պահանջն ամրագրված է առողջապահության նախարարի հրամանով։

«Դպրոցների դասասենյակներում, գրադարաններում, բուժկետերում հանդերձարաններում՝ 18-22, սանհանգույցներում, միջանցքներում, դահլիճներում նվազագույնը՝ 18, առավելագույնը՝ 20»,-նշում է Երևանի քաղաքետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը:

Մանկապարտեզների պարագայում ջերմային ռեժիմը մի փոքր այլ է: Խմբասենյակներում, կախված տարիքային խմբից, պետք է ապահովված լինի 19-22 աստիճան տաքություն, ննջասենյակներում՝ 18-20, սանհանգույցներում՝ 19-21, միջանցքներում թույլատրելի նվազագույն ջերմաստիճանը 15-ն է:

Պատահականության սկզբունքով այցելեցինք Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող դպրոցներ ու մանկապարտեզներ: Թեև կրթօջախների մեծ մասում ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան՝ որոշ տեղերում խախտումները նկատելի են:

«Այս ցուրտ ձմեռը մարտահրավեր է դարձել հաստատությունների համար, և կախված շենքային պայմաններից, աշխարհագրական դիրքից, ջեռուցման համակարգի խնդիրներից՝ ստիպված են լինում հաստատություններում հավելյալ ջեռուցիչներ, տաքացուցիչներ օգտագործել»,-ասում է Ժաննա Ղարդաշյանը:

Բայցևայնպես նույնիսկ այդ պայմաններում պետք է ապահովել անվտանգության բոլոր կանոնները:

«Եթե կլինեն խախտումներ՝ կախված ոչ թե շենքային պայմաններից, այլ իրավիճակից, պահանջվում է բացատրություն և կիրառվում է կարգապահական տույժ»,-ընդգծում է դպրոցական բաժնի պետը:
Ջերմային ռեժիմի պահպանումից բացի, դպրոցներում ու մանկապարտեզներում ուշադիր են սանիտարական նորմերի պահպանմանը: Քանի դեռ համավարակը չի նահանջել, համապատասխան միջոցառումները կշարունակվեն:

Այս տարի, ավելի քան երբևէ, աշակերտները ձգտում են դպրոց, փոքրիկներն էլ՝ մանկապարտեզ: Հեռավար ուսուցումը հետաքրքիր է, բայց իրական շփումն ու ուսուցումն անփոխարինելի են: Ու որպեսզի կրթական գործընթացին ոչինչ չխանգարի, ոլորտի պատասխանատուները պարբերաբար ու առանց նախազգուշացման կայցելեն հաստատություններ՝ ստուգելու անհրաժեշտ պայմանների ու կանոնների պահպանումը:

Տեսանյութ

Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման