ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

10.07.2020

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք ոչ միայն ուղղակի տեղափոխեցինք այս տարի, այլ գումարեցինք ևս 1 մլրդ դրամ, և այս տարի ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամի աշխատանք է կատարվելու: Պատրաստվում ենք 23 մանկապարտեզ հիմնանորոգել. 11-ը՝ քաղաքապետարանի, 12-ը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:
Մանկապարտեզների նախկին վիճակի մասին հուշում են միայն պատերը: Ամեն ինչ քանդվել և զրոյից՝ նորից կառուցվում է: Հիմնանորոգման ծրագրով նախ փոխվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են ամբողջությամբ նոր ու երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Դրանք կկահավորվեն նոր գույքով: Հիմնանորոգման ընթացքում փոխվում են նաև ներքին հաղորդալարերը: Նոր դռներով ու պատուհաններով խմբասենյակներ, միջանցքներ, նոր աստիճանավանդակներ, խոհանոցներն էլ օդափոխության նոր համակարգեր ու նոր գույք կունենան: Վերանորոգվում են նաև տանիքները:
Այս տարի առաջին անգամ հիմնանորոգման ծրագրով շենքերը ջերմամեկուսացվում են, ինչն էականորեն կնվազեցնի գազի և հոսանքի ծախսն ու կմեծացնի խնայողությունները։ Բացի այդ, մանկապարտեզներում կտեղադրվեն էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներ։
«Շենքի ջերմամեկուսացումը հիմնանորոգման շատ կարևոր բաղադրիչ է, որն այս տարի մեր կողմից դրված է որպես պարտադիր պայման: Սա ոչ միայն ձմռանը մեր երեխաներին տաքությամբ կապահովի, այլև էներգիայի խնայողություն է, իսկ ամեն մի խնայողություն ևս մի աշխատանք է, որ համայնքը կարող է կատարել իր բնակիչների համար»,-ընդծել է քաղաքապետը:
Նոր, գունավոր, լուսավոր ու տաք. հենց այսպիսին են լինելու համայնքային մանկապարտեզները հիմնանորոգումից հետո:
Որպեսզի մանկապարտեզները հնարավորինս երկար ծառայեն երեխաներին՝ քաղաքապետը շինարարական և աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նյութերի և աշխատանքների որակին:
Մանկապարտեզների հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այժմ քաղաքապետարանը տարբերակներ է քննարկում երեխաների հաճախումների խնդիրը լուծելու համար:
«Եթե մանկապարտեզը վերանորոգում ենք, ապա որտե՞ղ պետք է հաճախեն մեր երեխաները: Այստեղ երկու լուծում կա: Առաջինը՝ այդ ամիսների ընթացքում մեր երեխաները չեն հաճախելու և սպասելու են հիմանորոգման ավարտին կամ երկրորդ դեպքում՝ որևէ ձևով մեր բալիկներին պետք է տեղաբաշխենք այլ՝ հարակից մանկապարտեզներ: Սա ընտրության հարց է, որը մենք ծնողների հետ համատեղ պետք է քննարկենք»,-ասել է քաղաքապետը:
Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզներում տարածքները կընդլայնվեն, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։
«Աշխատանքները կատարվում են զրոյից և հասցնելու ենք առավելագույն լավ վիճակի, ինչը հնարավորություն կտա նաև ավելացնել խմբասենյակները: 76 մանկապարտեզում, օրինակ, 8 խումբ ավելի է բացվելու և մոտ 250 երեխա ավելի է հաճախելու մանկապարտեզ»,- նկատել է քաղաքապետը:
Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին:
«Սա սկիզբն է, և մեր առաջև դրել ենք այն կետը, որ բոլոր մանկապարտեզները պատշաճ և որակով հիմնանորոգված լինեն: Որտեղ կլինեն հրատապ խնդիրներ՝ կարվի մասնակի նորոգում, բայց մեր հիմնական ծրագիրը հիմնանորոգումն է, որպեսզի երեխաները Երևանի բնակչին վայել մանկապարտեզ այցելեն և հետագայում էլ, մեծանալով, վառ ու լավ հիշողություններ ունենան իրենց մանկապարեզներից»-ընդգծել է Հայկ Մարությանը:

x

Alternative content

Get Adobe Flash player