Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը

07.10.2019

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը նոր ղեկավար ունի: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը բաժնի աշխատակիցներին և համայնքային մարզադպրոցների տնօրեններին է ներկայացրել բաժնի նորանշանակ պետի ժամանակավոր պաշտոնակատար, օլիմպիական չեմպիոն ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Ջուլֆալակյանին:

Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել սպորտի բաժնի արդեն նախկին պետ Յուրի Մամիկոնյանին՝ այս տարիների աշխատանքի ու բնագավառի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
«Առավել քան վստահ եմ, որ պարոն Ջուլֆալակյանի պաշտոնավարումը Երևանի մարզական կյանքի համար լինելու է բեկումնային: Երևանի մարզական կյանքն ապահով ձեռքերում է, և վստահ եմ, որ առաջիկայում կունենանք նոր հաջողություններ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
«Առաջարկն ստացա քաղաքապետ Հայկ Մարությանից մոտ մեկ ամիս առաջ: Այսօր ինձ վստահվել է իսկապես պատասխանատու մի բնագավառ, որտեղ շատ անելիքներ ունենք: Առաջնահերթորեն պարտավոր ենք մեր պատանիների և երիտասարդների համար ապահովել լավ պայմաններ»,-նկատել է Լևոն Ջուլֆալակյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Հանդիպման ընթացքում փոխքաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին: Մասնավորապես, նախատեսվում է հաջորդ տարի էապես բարձրացնել մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը: Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ մի շարք մարզադպրոցներում ուսումնասիրություններ են իրականացվել և որոշ դեպքերում արձանագրվել են խախտումներ:
«Համայնքը կանգնած է մարզական բոլոր կրթօջախների կողքին և պատրաստ է աջակցել, սակայն միայն այն դեպքում, երբ տնօրենները գործում են օրենքի շրջանակում: Այլ երկխոսություն չի կարող լինել» ,- նշել է փոխքաղաքապետը:

Տեսանյութ

Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը
Տեսնել ավելին