Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի

30.01.2015

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2015թ. առաջին նիստը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց 2014թ. ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության համար, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

 

«Երբ դեռևս 2013թ.-ին մենք ստեղծում էինք Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը, համոզված էինք, որ այն իր գործունեությամբ նպաստելու է քաղաքային տարբեր ծրագրերի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Այսօր հաճելի է արձանագրել, որ խորհրդի անդամներն իրոք ակտիվորեն ներգրավված են քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող տարբեր ծրագրերի իրականացմանը: Ակնկալում եմ, որ 2015թ.-ին կլինեք առավել ակտիվ և տանտիրոջ իրավունքով ու սրտացավությամբ կմասնակցեք բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Խորհրդի անդամներին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության ներուժի առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:
«Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, և մենք պետք է միասին կառուցենք մեր երկիրն ու քաղաքը, միասին լուծում տանք առկա խնդիրներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման և հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նիստի շրջանակում ներկայացվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2014թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունն ու նախանշվել են 2015թ. անելիքները: Հաշվի առնելով, որ նախորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված համահայկական հռչակագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է խորհրդի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հիմք ընդունելով հռչակագրի դրույթները:

 

Քաղաքապետը լսել է նաև խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկությունները և դրանց վերաբերյալ ներկայացրել իր մոտեցումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երիտասարդներն իրենց հերթին նկատել են, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ են մասնակցում քաղաքային բոլոր ծրագրերին: Նրանք նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ:

 

Երևան քաղաքում երիտասարդության շրջանում 2014թ. ընթացքում ակտիվ գործունեություն ծավալելու և մայրաքաղաքային ծրագրերում բարեխիղճ ու մշտական աշխատանքներ կատարելու համար խորհրդի կազմում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ ու համալսարանների ուսանողական խորհուրդներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի
Տեսնել ավելին