Նոր գործիք՝ ընդդեմ փողոցային առևտրի

04.08.2020

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: 

«Մինչև այս պահը մենք միայն վարչական պատասխանատվության միջոց ունեինք, որը նախատեսում էր գյուղմթերքի դեպքում 15-20 հազար դրամ, այլ ապրանքների դեպքում 50-70 հազար դրամ տուգանք: Վերլուծությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում մարդիկ անվճարունակ են կամ այդպես են ներկայացվել, այդպես են գրանցվել պետական մարմիններում, և մեր կատարած վարչարարությունը մնում է թղթի վրա՝ արդյունք չի տալիս: Սակայն իրականում տեսնում ենք, որ այդ մարդիկ ունեն շրջանառություն, ունեն այլ միջոցներ, գույք, որը գրանցված է այլ անձանց անվամբ, և որպեսզի կարողանանք ներազդել, մշակեցինք այս նախագիծը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Օրենքի՝ շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո:
«Ապրանքները վերցնելն առգրավում չէ, այլ վարչական վարույթի ապահովման միջոց, որը մեզ հնարավորություն է տալու արդյունավետ վարչարարություն իրականացնել: Ըստ էության, վարչական վարույթը մնում է նույնը, ավելանում է մի գործիք՝ վարչական վարույթի ապահովման միջոցը. կարողանում ենք ապրանքը վերցնել և վերադարձնել անձին միայն համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո: Այսինքն՝ տուգանքի գումարի վճարում, վարչարարության ծախսերի գանձում, որից հետո հնարավորություն կա ապրանքը վերադարձնելու»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:
Ի դեպ, օրինագիծը հատուկ լուծում է առաջարկում արագ փչացող սննդի պարագայում:
«Արագ փչացող ապրանքների դեպքում եռօրյա ժամկետում տիրոջը հնարավորություն ենք տալիս գալ և դեպոզիտային հաշվին վճարել տուգանքի առավելագույն գումարի չափը, որից հետո ապրանքն անմիջապես վերադարձնելու ենք իրեն, իսկ վերջնական գումարը տնօրինելու խնդիրը կլուծվի վարչական վարույթն ավարտելուց հետո՝ ակտով: Եթե տերը կհրաժարվի ապրանքը ետ վերցնելուց, ապա ընթացակարգ ենք մշակել՝ ինչպես կարող ենք այդ ապրանքն իրացնել, գումարը նստեցնել մեր դեպոզիտային հաշվեհամարին և նույնպես տնօրինել վարչական ակտով»,- նշում է առևտրի և սպասարկումների վարչության պետը:
Վարույթի ապահովման նման միջոց գոյություն ունի մաքսային օրենսդրությունում. մաքսանենգության առարկան վերցվում է, պայմանով, որ կվերադարձվի տուգանքը վճարելուց և մաքսային պարտավորությունը կատարելուց հետո:
«Ոչ սահմանված վայրում վաճառվող ցանկացած ապրանքի առաջին իսկ զգուշացումից, վարչարարությունից հետո, եթե կրկնվեց, անհապաղ չդադարեցվեց այդ իրավախախտումը, ապա մենք այս նախագծով իրավունք ենք ստանում վերցնել: Այսինքն՝ սա ավելի արդյունավետ է դարձնում մեր վարչարարությունը և կարողանում ենք անմիջապես հետևանքը վերացնել»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:
Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Մասնագետները մեկ անգամ ևս կոչ են անում քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցում վաճառվող սննդամթերքից:
«Փողոցային առևտուրն ինքն իրենից վտանգավոր սննդամթերք է համարվում, ռիսկը բարձր է և այդտեղից գնված սննդամթերքը, հնարավոր է, վնասի առողջությություն: Այդ իսկ պատճառով շատ ողջունելի է քաղաքապետարանի նման մոտեցումը: Ես կցանկանամ, որ նախ սպառողները տեղեկացված լինեն և զերծ մնան փողոցից սննդամթերք գնելուց, հատկապես կենդանական ծագման, որոնք պահպանման հատուկ ջերմային ռեժիմ են պահանջում»,- ընդգծում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ Լևոն Գուլքանյանը:
Երևանում գործում է 24 շուկա, որտեղ կա շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:
«Այս նախագծի ընդդիմախոսները շատ հաճախ շեշտադրումը կատարում են այն սոցիալական բաղադրիչի վրա, որ, տեսե՛ք, մարդիկ մի կտոր հացի փող են աշխատում, ուզում եք այդ մարդկանց նոր վարչարարությամբ ծանրաբեռնել: Իրականում մենք շատ մանրակրկիտ վերլուծել ենք նաև այն անձանց, ովքեր զբաղվում են փողոցային առևտրով և կարող ենք վստահորեն ասել, որ նրանց մոտ 5-10%-ն է իրականում սոցիալապես անապահով, ովքեր ստիպված փողոցում կանգնում, ինչ-որ մի բան են վաճառում: Հավաստիացնում եմ, որ այդ մարդկանց հետ մենք տանում ենք աշխատանք և հնարավորության դեպքում աջակցում, որ շուկաներում առևտուր անեն, ուղղորդում ենք դեպի շուկաներ: Նախագիծը հիմնականում վերաբերելու է այն անձանց, ովքեր զբաղվում են որոշակի բիզնեսով, ոքվեր փողոցային առևտուրը դարձրել են բիզնես»,- նկատում է Հովիկ Սաֆարյանը:
Հարկ է նշել, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս չսահմանված վայրում առևտուր անելու համար կազմվել է շուրջ 980 վարչական արձանագրություն, որից համայնքը կարողացել է վարույթ ապահովել, այսինքն՝ տուգանքները գանձել միայն 300-ի դեպքում: 40 մլն դրամից գանձվել է ընդամենը 10 մլն-ը:

Տեսանյութ

Նոր գործիք՝ ընդդեմ փողոցային առևտրի