ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նոր որակի ու ծավալների կանաչապատում Երևանում

11.05.2020

Սարալանջի շուրջ 12 հա տարածքի կանաչ գոտու վերականգնման սպասված նախագիծն իրագործելու համար այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում. կառուցվում է ոռոգման համակարգը: 

«Ոռոգման ցանցում ներառված է ջրավազան, որի մակերեսը կազմում է 24քմ, խորությունը՝ 2.20մ: Ամբողջովին բետոնային ավազան է լինելու»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
«Կողքը լինելու է պոմպակայանը՝ երկու պոմպով, որից յուրաքանչյուրը կապահովի 10 մթնոլորտ-ճնշում: Կլինի նաև պահակակետ»,- ասում է շինարարական կազմակերպության ղեկավար Էդգար Աբրահամյանը:
«Պոմպակայանից 150 մմ խողովակներով բերվել է մայր գիծը, որից հետո 57 մմ խողովակներով կատարվում է ճյուղավորում: Այստեղից էլ ավելի փոքր՝ 25 մմ խողովակների: Տեղադրվելու են ցայտիչներ»,- նշում է աշխատանքների ղեկավար Արտակ Մուրադյանը:
Տարածքում կլինի կաթիլային ոռոգում, այսպես շատ ջուր կխնայվի, և ոռոգման արդյունավետությունը կբարձրանա: Համակարգի անցկացումից հետո տարածքը հնարավորինս կհարթեցվի, և արդեն աշնանը կմեկնարկի ծառատունկը:
«Այստեղ կիրառվելու են տարբեր մոթոդներ: Կլինեն մշտադալարներ, նաև թփեր՝ հողային շերտը պաշտպանելու համար, իսկ այն հատվածներում, որտեղ հնարավոր է, ուղղաձիգ կանաչապատում կլինի, նաև մագլցող ծառատեսակներ: Ընտրել ենք այնպես, որ սեզոնային հերթափոխով ծաղկում ունենանք: Այստեղի ճիշտ կանաչապատումը կնպաստի Երևանի միկրոկլիմայի մեղմմանը»,-ասում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ներսիսյանը:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է վերականգնել նաև Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքները:
«Ծիծեռնակաբերդի ընդհանուր տարածքը մոտ 100 հա է, որից 8. 5 հա պատկանում է Երևան համայնքին: 2019 թվականից նախաձեռնել ենք իրականացնել ծառատունկ: Այստեղ արդեն բջջաշիվային էտ է արվել, 100 մեքենայից ավելի շինաղբ տեղափոխվել: Պետք է նաև ոռոգման ցանց ունենանք այդտեղ»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման համար նույնպես այժմ նոր ցանց է անցկացվում:
Քաղաքի կանաչ տարածքների վերականգնումը, խնամքն ու պահպանումը պետք է ունենա միասնական ձեռագիր: Երևանի բնապահպանական խնդիրները լուծելու բեռն ու  քաղաքի կանաչապատումը քաղաքապետի նախաձեռնությամբ և ավագանու որոշմամբ վստահվեց առանձին կառույցի, ստեղծվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը:
«Նախորդ տարի բավականին մեծ աշխատանք է իրականացվել, գույքագրվել են խնդիրները, որոնցից պարզ դարձավ, որ վարչական շրջաններին կից կանաչապատման ՓԲԸ-ներն արդյունավետ չէին աշխատում: Այդ էր պատճառը, որ որոշում կայացվեց ստեղծել համայնքային նոր հիմնարկ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
«Առաջնահերթ մեր անելիքը ոռոգման համակարգի արդիականացումն է: Պետք է քարտեզագրենք կանաչ գոտիներն ու ցուցաբերենք համակարգային մոտեցում՝ հիմնված ինովացիոն տեխնոլոգիաների և գիտական մտքի վրա»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արա Աղայանը:
Այս օրերին առաջնահերթ նորոգվում են կանաչապատման համար կենսական անհրաժեշտության ոռոգման համակարգերը:
«Մոտավորապես 65 կմ ոռոգման ցանց վթարային վիճակում է գտնվում: 2020 թվականին նախատեսում ենք վթարային խողովակները վերականգնել, որը թույլ կտա հետագայում ընդլայնել ցանցը: Փոքր ծավալով ունենք նաև ցանցի ընդլայնում: Նախատեսում ենք նաև ունենալ խորքային հորեր»,- հավելում է քաղաքապետի առաջին տեղակալը:
Այն տարածքները, որտեղ առայժմ ոռոգման ցանց չկա, ջուր կստանան «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկի ջրատար մեքենաների միջոցով։ Իսկ ոռոգվող տարածքներն արդեն համալրվել են նոր բույսերով ու ծառերով:
Տնկվել է շուրջ 250.000 թուփ, 800 ծառ:
«Տնկել ենք սակուռաներ, սզնիներ, գնդաձև կատալպաներ, իլենիներ և մի շարք այլ ծառատեսակներ ու թփեր»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվին Գրիգորյանը:
Քաղաքային ջերմոցներից քաղաքի գեղագիտական տեսքը կապահովեն նաև ծաղկային ձևավորումները, բայց ոչ մեծ ծավալներով.
Առողջ ու խնամված կանաչ տարածքներ ունենալու համար կանաչապատման հիմնարկը ձեռք է բերել նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր:
Խոտհնձիչներն անցնում են առաջին փորձարկումը: Համայնքային հիմնարկի աշխատակիցների խոսքով այն մոտ 4 անգամ ավելի արդյունավետ է և խնայող:
Քաղաքի ծառերի առողջությամբ էլ կզբաղվի Հայաստանում առաջին ու առայժմ միակ սրսկիչ, բայց նաև բազմաֆունկցիոնալ նոր մեքենան: Այն կարող է մինչև 30մ հեռավորության փչել, նաև պտտվել 180 աստիճան:
Կանաչապատմամբ ու շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող համայնքային հիմնարկը տարածքների խնամքի համար առաջիկայում կառաջարկի նոր լուծումներ:
Նոր գաղափարներն իրագործելու համար համայնքային հիմնարկը քաղաքն ու բնությունը սիրող ու աշխատանք փնտրող քաղաքացիներին սիրով հրավիրում է համալրել իրենց մեծ թիմը: 2020-ին բնապահպանության ոլորտում քաղաքի անելիքները շատ են:
«ՀՈԱԿԻ միջոցով մենք նաև առաջին անգամ Հայաստանում ինստիտուցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերենք աղբի տեսակավորմանը»,-ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:
Այս տարի կբարեկարգվեն ու կկանաչապատվեն մի շարք այգի-պուրակներ, կվերականգնվեն կանաչ գոտիներ: Համայնքային իշխանությունն ակնկալում է նաև քաղաքացիների աջակցությունը՝ խնամքով վերաբերվել ու պահպանել կանաչ տարածքները, որպեսզի այսօր արվող աշխատանքի արդյունքներն առաջիկա տարիներին գեղագիտական հաճույք ու բարվոք միջավայր ապահովեն քաղաքի բնակիչների և հյուրերի համար:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player