ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Վերելակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում

17.06.2019

Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագիրն այսօրվանից կմտնի գործնական կիրառման փուլ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագիրը կյանքի կոչելու համար կհայտարարվի մրցույթ: Համաձայն ծրագրի` առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ:

 

***


Ավարտվել են Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Բաբաջանյան փողոցի լուսավորությունը: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, ինչի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:


***


«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է մոտ 100 շուն: Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ընկերության «թեժ գծի»՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին:

 

***


Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանի, բետոնապատ տարածքների և մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժումից հետո ավարտվել են բարեկարգման աշխատանքները: Վերոնշյալ տարածքում կձևավորվի կանաչ գոտի:

 

***


Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 860 հեռախոսազանգ: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովումը, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն բարձրացված խնդրի լուծման ընթացքի մասին:


***


Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player