ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր

Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում: Ծրագրի մշակման գործընթացում ներգրավվել է «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության և գործընկեր կազմակերպությունների թիմը։ Թիմի կազմում ընդգրկվել են անկախ ազգային, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ ԿՔԳԾ-ի մշակումը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության Պաշտոնական զարգացման աջակցության Տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի միջոցով։


«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» մշակվել է ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ և հիմնված է ՎԶԵԲ-ի մեթոդաբանության վրա, որը մշակվել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համատեղ։ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» մոտեցման առաջին կիրառությունն է։ Նման մեկնարկային աշխատանքը կօգնի տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներին ձեռնամուխ լինել «կանաչ աճին» ուղղված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը։ Հարկ է նշել, որ այս ծրագիրը հիմնվել է ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության ներքո 2016թ. մշակված և Երևանի ավագանու կողմից հաստատված Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի վրա և համահունչ է դրա դրույթներին:


«Կանաչ քաղաք» գորոծողությունների ծրագիրը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է՝ կառուցված «տեսլական - ռազմավարական նպատակներ - միջնաժամկետ թիրախներ» առանցքի շուրջ, որոնք հավելվել են նաև կարճաժամկետ գործողություններով (հաջորդ 3-5 տարիների համար)։ Կառուցվածքը քարտեզագրում է լուծումներ և առաջարկություններ, որոնց պետք է հետևել հաջորդ 15 տարիների ընթացքում։
Ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։


«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում համայնքի բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։
Ծրագիրը ներառում է՝ շրջակա միջավայրի վիճակը (օդ, հող, ջուր, կենսաբազմազանություն և կանաչ տարածքներ), ճնշումները շրջակա միջավայրի վրա, տրանսպորտը, էներգամատակարարումը, էներգաարդյունավետությունը շենքերում և արտաքին լուսավորությունը, արդյունաբերության ճյուղերը, թափոնների կառավարումը, հողօգտագործումը բաժինները: Ծրագրում ներկայացված է նաև կառավարման և մշտադիտարկման վերաբերյալ դրույթները:
«Կանաչ քաղաք» ծրագիրն ուղղված է համայնքի կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանության, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, հասարակական տրանսպորտի բարեփոխմանը, ճանապարհային ենթակառուցվածքների օպտիմալացմանը, աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
Մեթոդաբանության համաձայն ԿՔԳԾ ընդհանուր գործընթացը կազմված է չորս փուլերից։


1-ին փուլի ընթացքում կատարվել են տեղեկատվության և տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծման աշխատանքներ` սահմանելու համար այն ելակետային ցուցանիշները, որոնց հիման վրա պետք է մշակվեն երկարաժամկետ տեսլականը և դրա իրագործման գործողությունները։ Ելակետային վիճակի գնահատումն իրականացվել է «Իրավիճակ-ներազդում-արձագանք» մոտեցմամբ: Այս մոտեցումը գնահատում է մարդու գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի բաղկացուցիչների վրա, վերհանում մարտահրավերները: Մարդու գործունեության ազդեցության տեսակները մասնավորապես ներառում են տրանսպորտի, շենքերի, արտաքին լուսավորության, թափոնների կառավարման և հողօգտագործման ոլորտները: Արդյունքում սահմանվել են Երևանի մարտահրավերների առաջնահերթությունները՝ հիմնված է եռաստիճան սանդղակի վրա, որտեղ Երևանի առաջ ծառացած բնապահպանական ամենահրատապ խնդիրները նշված են «կարմիր» գույնով, այն ոլորտները, որոնք չունեն հրատապ առաջնահերթություն, այնուամենայնիվ, պահանջում են բարելավում, նշված են «դեղին» գույնով, և ոլորտները, որոնք ունեն բարձր համապատասխանություն «կանաչ» քաղաքի բնութագրերին, նշված են «կանաչ» գույնով։
2-րդ փուլում սահմանվել է տեսլականը և հեռանկարային ռազմավարական նպատակները` ճանապարհային քարտեզի հետ միասին, որը ներկայացված է միջնաժամկետ թիրախներով և կարճաժամկետ գործողություններով:
Հաշվի առնելով առաջնահերթությունները և բյուջետային սահմանափակումները` ընտրվել են կարճաժամկետ կտրվածքով իրագործելի միջամտություններ, որոնք կարող են օպտիմալացնել բնապահպանական, տնտեսական և սոցիալական հնարավոր ձեռքբերումները։ Միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախներով անդրադարձ է կատարվում բոլոր մարտահրավերներին:


Գործողությունների իրականացումը նախատեսվում է ԿՔԳԾ-ի գործընթացի 3-րդ փուլի ներքո և ներառում է ծրագրի իրականացման շարունակական մշտադիտարկումը: Առաջին եռամյա ժամանակահատվածից հետո կմեկնարկի ԿՔԳԾ-ի 4-րդ փուլը, որի ընթացքում կգնահատվի առաջադիմությունը, բարելավման անհրաժեշտությունը, որի հիման վրա կարող են իրականացվել համապատասխան փոփոխություններ ԿՔԳԾ-ում:
ԿՔԳԾ նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ և լսումներ (2016թ. դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 19-ին, 2017թ. հունիսի 16-ին և օգոստոսի 3-ին)՝ համայնքի, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինտսիտուտների և այլ շահագրգիռ կառույցների հետ: Ներկայացված առաջարկություններն ու դիտողություններն ամփոփվել են՝ ըստ որի լրամշակվել է ԿՔԳԾ նախագիծը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿՔԳԾ նախագիծը անցել է ռազմավարական բնապահպանական (էկոլոգիական) գնահատումը (ՌԷԳ), որի համար 2017թ. օգոստոսի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել է թիվ ԲՖ77 պետական փորձաքննության դրական եզրակացություն։


Նման հետազոտության առկայությունը հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմել քաղաքի ուժեղ և թույլ կողմերի, սպառնալիքների և հնարավորությունների վերաբերյալ, որոնք հաշվի կառնվեն զարգացման ծրագրերը մշակելիս:

 

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր

Լուսանկարներ