2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է 90 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է

12.03.2024

Մարտի 12-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2023թ. զարգացման ծրագրի և բյուջեի հաշվետվությունները:

2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, և գործարկվել է էլեկտրոնային և թղթային տեսքով QR կոդ կրիչը:

2023թ. նորերով են փոխարինվել 510 վերելակներ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 22 կրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մարզական և մշակութային հաստատությունների շենքերում և բակային տարածքներում: Վերանորոգվել են ավելի քան 200 բակեր, 3 առողջապահական հիմնարկներ: Տեղադրվել են 9 գետնանցումների մոտ հաշմանդամներին հարմարեցված վերելակներ: Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև ոռոգման համակարգի անցկացման, կանաչ գոտիների ընդլայնման, կոյուղատար համակարգի կառուցման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ուղղություններով:

***

Երևան քաղաքի 2023 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 44,355,960.2 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50,091,031.3 հազար դրամ կամ 113 %։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավել է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14,694,591.9 հազար դրամով։

***

Երևանի ավագանին սահմանել է նաև Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը: Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Կլինեն նաև մի շարք այլ սակագնային պլաններ: Մանրամասները՝ հղմամբ։

 Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար, ի դեպ, կկիրառվեն զեղչեր:

Նախագծի նպատակը ոլորտի սուբսիդավորումը շարունակելն է՝ հնարավորություն ունենալով այդ սուբսիդավորումը պահել որոշակի տրամաբանության շրջանակներում և անհամաչափ ծախսեր չանել ի հաշիվ այլ ոլորտների, այն հնարավորություն կտա նաև վերացնել առկա արատավոր ստվերային երևույթները՝ ստանալով ավելի ճշգրիտ տվյալներ՝ հետագայում ավելի տվյալահեն որոշումներ կայացնելու համար:

***

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քաղաքացիների որոշ խմբերի համար արտոնություններ է սահմանել Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով: Խմբերում ընդգրկված է 1635 քաղաքացի, որից 533-ը՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 1102-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:

***

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 16-ին: