Անվադողերից մինչև ներքնակներ. մեկնարկել է գետերի հուների մաքրումը

20.03.2024

«Ինչ ասես, որ չեն նետում մարդիկ գետ` անվադողեր, դոշակներ, ահավոր գարշահոտություն է »,- պատմում են էրեբունիի բնակիչները:

Երևանում մեկնարկել է գետերի հուների մաքրումը: Երևանի քաղաքապետարանն ամեն տարի գարնանն աշխատանքներն իրականացնում է առանձին կազմակերպության ուժերով: Դրա համար գործի է դրվում և հուն իջեցվում հատուկ տեխնիկա: Հիմնական խնդիրը, այսպես ասած, սեփական տների հատվածում է:

«Աշխատանքները շարունակվում են մեկ ամիս: Դրանք ընդգրկում են մոտ 18 կմ հատված: Այդպես գետերի հուներն ամբողջ երկայնքով մաքրվում են»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Այս օրերին աշխատանքները Ավանի և էրեբունու տարածքում են: Գետառի և Ողջաբերդի հուներից բացի մաքրվում են նաև ջրանցքները: Փակ՝ թունելային որոշ հատվածներում ամբողջ աղբը դուրս է բերվում ձեռքով:

«Ամեն տարի դուրս է բերվում մոտ 4000 խմ աղբ, որը տեղափոխվում է աղբավայր»,- ասում է կազմակերպության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:

Գետերի հուներն առաջնահերթ մաքրվում են ջրի հոսքն ապահովելու համար: Քաղաքի ջրային պաշարների մաքրությունը կարևոր է նաև բնապահպանական առումով:

Ի˚նչ անել, որ քաղաքի գետերն ու ջրանցքները չաղտոտվեն՝ պատասխանը մեկն է. չթափել աղբն ու մաքուր պահել այն: Քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ հորդորում է բնակիչներին, տեսնելու դեպքում էլ տուգանում՝ մինչև 50.000 դրամի չափով: Սակայն սա անգամ խնդրի լուծում չէ:

«Մարդիկ չեն հասկանում, որ սա գնում է Երևանյան լիճ և այնտեղից էլ՝ Արարատյան դաշտ ու վտանգավոր նյութերով աղտոտում միջավայրը» ,-նկատում են բնակիչները:

Գետերի հուները մաքրվում են նաև տարվա ընթացքում: Քաղաքն այդ նպատակով ավելի քան 38 մլն դրամ է ծախսում:

Տեսանյութ

Անվադողերից մինչև ներքնակներ. մեկնարկել է գետերի հուների մաքրումը