Առողջապահական ոլորտին առնչվող կլոր սեղան-քննարկում՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում

07.09.2017

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ երկու քաղաքների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, ներկայացնելով Երևանի առողջապահական համակարգի առաջնահերթություններն ու ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել է, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների պայմանների բարելավման ուղղությամբ: Ընդգծելով բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման կարևորությունը՝ Կամսար Բաբինյանը Սանկտ Պետերբուրգի գործընկերներին տեղեկացրել է, որ Երևանում ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում բուժհաստատությունները նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրելու նպատակով:

Սանկտ Պետերբուրգի կառավարության առողջապահության կոմիտեի ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով առողջապահական համակարգի հետևողական զարգացումը, նկատել են, որ որակյալ ծառայությունների մատուցման հարցում անչափ կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումն ու բուժհաստատությունները ժամանակակից սարքավորումներով համալրելը:
Կողմերը պայմանավորվել են երկու քաղաքների համագործակցության ծրագրով խորացնել փոխգործակցությունն ու մասնագիտական կարողությունների կատարելագործմանը միտված փորձի փոխանակումը:
Այնուհետ երևանյան պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք ժամանած Երևանի «Գրիգոր Նարեկացի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների, Հակատուբերկուլյոզային դիսպանսերի, «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեններն ու Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն այցելել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային շտապբուժօգնության կայան, թիվ 19 և թիվ 1 քաղաքային մանկական հիվանդանոցներ, ինչպես նաև Մոսկովյան շրջանի պոլիկլինիկա և թիվ 5 հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ծանոթացել բուժհաստատությունների պայմաններին և այդ հաստատությունների կառավարմանը, ինչպես նաև հետևել են տեղերում հիվանդների բուժման և սպասարկման գործընթացի կազմակերպմանը: Կարևորելով երկուստեք փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնելու փոխայցերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ