Երևանի քաղաքացիների անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ խաղաղության կոչ է հղվել աշխարհի մայրաքաղաքներին

12.10.2014

Տոնական շքերթը Հանրապետության հրապարակ է հասել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի տոնին հրավիրված պատվիրակությունների, Երևանի նորակոչ պատվավոր քաղաքացիների, Երևանի ավագանու անդամների և հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ։ Հրապարակում 60 արտիստների՝ դերասանների, ակրոբատների, էկվիլիբրիստների մասնակցությամբ «Մեր հին ու նոր Երևան» խորագրով խորեոգրաֆիկ պատկեր էր, որը հոգևոր Հայաստանի դարավոր ընթացքն էր՝ բազմաստվածությունից մինչև քրիստոնեություն, ապա մինչև Երևանի ներկան։

Ավարտին Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքների դրոշների ներքո մեր թագավորների ու բոլոր ժամանակների առաջնորդների հավաքական կերպարով խորհրդանշական Արգիշտի թագավորի անունից հնչեց խաղաղասիրության կոչը, ապա ընթերցվեց Երևանի խաղաղության ուղերձն աշխարհի մայրաքաղաքներին, որում, մասնավորապես, նշված է.
«Մենք՝ հինավուրց Երևանի բնակիչներս, Էրեբունուց Երևան 2796 տարիներին բերդաքաղաքից մայրաքաղաք կառուցած, վերակառուցած ու շենացրած բնակիչների զարմն ու ժառանգորդը, առաջնորդվելով մեր նախնիներից սերած խաղաղասիրության գենով և վկայակոչելով ներկան՝ մեր խաղաղատենչ վճռականությունը, գտնվելով պատերազմի ու խաղաղության սահմանագծին, գիտակցելով խաղաղության փխրուն բնույթն ու դրան համադրելով դրան փրկվելիք կյանքերը, որպես խաղաղության սուրհանդակներ՝ կոչ ենք անում համայն աշխարհին ասել Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։ Քանզի միակ անցյալը, որում կարող ենք շտկում կամ փոփոխություն կատարել, այսօրն է, ներկա պահին անցնող ամեն վայրկյանը, որն ամենամոտ անցյալն է մեր ապագային։
2014 թվականի հոկտեմբերի 12-ին, տոնելով Երևանի 2796-ամյակը, կոչում ենք՝ պատերազմի աղաղակի փոխարեն հաստատել խաղաղության լռություն, որը կարող է խախտել միայն նորածին մանկան ճիչը՝ ամենազորեղ ճիչն ընդդեմ պատերազմի։
Ստորագրությամբ՝ 2796-ամյա հայոց մայրաքաղաք Երևանի բնակիչների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի»։

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր և երևանցիների անունից ստորագրել է Խաղաղության կոչը, որը Համաշխարհային սկաուտական շարժման Խաղաղության սուրհանդակների օգնությամբ հասնելու է աշխարհի բոլոր մայրաքաղաքներին։ Ի դեպ, Համաշխարհային սկաուտական շարժումը 40 մլն անդամ ունի և յուրաքանչյուրը հանդես են գալիս խաղաղության սուրհանդակի առաքելությամբ։
Արարողությանը հաջորդել է տոնական համերգ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին